Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդները նվագում էին մեծ ոգևորվածությամբ, և ես մեծ բավականություն ստացա համերգից…». Դմիտրի Սիտկովեցկին Երիտասարդականի մասին

Մարտ 16,2014 11:36

Մարտի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով հանդես եկավ աշխարհահռչակ երաժիշտ Դմիտրի Սիտկովեցկին: Երաժիշտ, քանի որ տարանջատումը նրա պարագայում անիրական է. Սիտկովեցկուն հաջողվել է միաժամանակ կառուցել հաջողակ ջութակահարի, դիրիժորի, գործիքավորողի և փառատոնի տնօրենի կարիերա:

Սիտկովեցկին Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ, բայց երաժշտասեր հասարակության շրջանակներում նրա անունը վաղուց արդեն հայտնի էր: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդականն ու մենակատարը լսարանին ներկայացրեցին Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը: Դեռևս 1979թ-ին Ֆ.Կրեյսլերի անվան մրցույթում մենակատարին հաղթանակ բերած այս ստեղծագործությունը բուռն ընդունելության արժանացավ հայ հանդիսատեսի կողմից: «Բրամսի Կոնցերտը մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործություն է: Հայաստանում իմ առաջին ելույթի համար առավել քան հարմար ընտրություն: Հաջորդ անգամ կկատարենք որևէ նոր կամ ոչ հաճախ կատարվող ստեղծագործություն…»,- կիսվեց մենակատարը: Երիտասարդ գործընկերների հետ աշխատանքի մանրամասնությունների մասին խոսելիս՝ Սիտկովեցկին նշեց, որ մեծ հաճույք է ստանում նոր սերնդի հետ աշխատելիս. «Առավել հաճելի է գործ ունենալ երիտասարդների հետ, քանզի նրանք դեռևս կառչած չեն կարծրատիպերից: Ինչ վերաբերում է նվագախմբին, շատ դրական կարծիք կազմեցի. նրանք երիտասարդ են, աշխատում են մեծ խանդավառությամբ, հետաքրքրվածությամբ, եռանդուն են, նրանց աչքերում կրակ կա՝ սա է ամենակարևորը… Կարծում եմ՝ համերգը մեծ հաջողություն ունեցավ՝ չնայած համատեղ փորձերի համար հատկացված էր ընդամենը 2 օր: Կոնցերտը իմ երկացանկի մասն է կազմում ավելի քան 35 տարի, իսկ նվագախմբի համար սա լիովին նոր նյութ էր: Երիտասարդները նվագում էին մեծ ոգևորվածությամբ, և ես մեծ բավականություն ստացա համերգից…»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31