Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների նախապատվելի «բիզնեսը» շատ մոտ է վաշխառությանը

Մարտ 15,2014 19:43

Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերից մենք տեղեկանում ենք նրանց ունեցվածքի ու նրանց «ձեռքբերումների» մասին: Մեզ համար այնքան էլ հասկանալի չէ դրանցում հաճախ հանդիպող և գրեթե օրինաչափության վերածված այն «եկամտաբեր» գործունեության ֆենոմենը, որին գրեթե անխտիր դիմում են պաշտոնյաները. խոսքը փոխառության դիմաց ստացված տոկոսների մասին է: Ինչո՞ւ են պաշտոնյաները զանգվածաբար զբաղվում տոկոսով դրամ տալով, որքանո՞վ է դա համատեղելի նրանց  կերպարի հետ հարցով էլ պարզաբանումներ խնդրեցինք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից:

Պաշտոնյաներն իրենց եկամուտների հայտարարագրերում, որպես եկամտի ինքնուրույն, ընդ որում, մեծ չափերի հասնող  աղբյուր, հաճախ են նշում փոխառության տոկոսները: Մի կողմից, մենք տեսնում ենք, թե ինչպես են բազմաթիվ քաղաքացիներ քրեական պատասխանատվության են ենթարկվում վաշխառության համար, մյուս կողմից դա դարձել է պաշտոնյաների սիրելի զբաղմունքը:

-Փոխառությունն ինքնին իրավախախտում չէ, այն կարող է վերածվել հանցագործության, ինչպես դուք նշեցիք՝ վաշխառության, երբ դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար ստացվում է կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ: Վաշխառության այս հատկանիշները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի  213-րդ հոդվածով: Ներկայումս այն կազմում է տարեկան 12 տոկոս, ինչից բխում է, որ առավելագույնը կարող է ստացվել 24 տոկոս: Եթե փոխառության տոկոսները գերազանցեն այդ ցուցանիշները, ապա քրեական հետապնդում հարուցելու համար որևէ նշանակություն չի ունենա անձի կարգավիճակը:

 

Պարոն Դանիելյան, ստացվում է, որ, օրինակ, եթե փոխառության դիմաց ստացված տոկոսների գումարը մեկ տարվա ընթացքում կազմել է 5-10 մլն դրամ, իսկ դա առավել հաճախ ցույց տրվող գումարն է, ապա միայն այդ նպատակով պաշտոնյաների տնօրինության տակ եղել է առնվազն մեծ չափերի հասնող գումար, մինչդեռ՝ նույն հայտարարագրերում բոլորովին նվազ ցուցանիշներ են ներկայացվում: Հակառակ դեպքում կարող ենք ենթադրել, որ փոխառության տոկոսները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Ո՞ւմ իրավասությանն է վերապահված այս ակնհայտ հակասության բացահայտումն ու ընթացք տալը:

-Կան հակասություններ, թե՝ ոչ, իրավասու մարմինների խնդիրն է, ենթադրությունների համար դա այնքան էլ հարմար նյութ չէ: Ընդհանրապես, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծության իրավասությունը վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ընդ որում, ներկայացված տվյալների համապատասխանությունը պարզելու նպատակով նշված հանձնաժողովն իրավասու է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց հիմնարկներից, պետական կազմակերպություններից ու պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել ստուգումներ, անարգել այցելելու ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ և կազմակերպություն, ծանոթանալու հանձնաժողովում քննարկվող հարցի վերաբերյալ նյութի և փաստաթղթի:

 

Պաշտոնյաները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրությամբտոկոսով դրամ տալը չի՞ համարվում ձեռնարկատիրական գործունեություն, չէ՞ որ դա հենց շահույթ ստանալու նպատակով իրականացվող գործունեություն է:

– «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է որոշ բացառություններ, մասնավորապես՝ այդ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում փոխառության դիմաց տոկոսներ և այլ հատուցում ստանալը: Նույն կերպ, ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում վճարի կամ հատուցման դիմաց սեփականության իրավունքով պատկանող գույքը վարձակալության հանձնելը:

Փոխառությամբ տոկոսներով դրամ հատկացնելը ճանաչվի ձեռնարկատիրություն, թե՝ ոչ, ենթադրվում է, որ ստացվող եկամտից պետք է, որ հարկեր գանձվեն: Այս դեպքում և՞ս կան բացառություններ:

-Փոխառության դիմաց ստացվող տոկոսները գործող օրենսդրությամբ հանդիսանում են  շահութահարկի օբյեկտ, ինչը նախատեսված է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով: Այսինքն, հայտարարագրերում արտացոլված տոկոսները հենց այն ցուցանիշներն են, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել վճարված շահութահարկի մասին: Իսկ հարկային պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացված տվյալների արժանահավատությունը, բնականաբար, գտնվում է ինչպես հարկային մարմինների, այնպես էլ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասության ներքո:

 

Դուք խոսեցիք իրավասու մարմնի կողմից հայտարարագրերի վերլուծության մասին, սակայն դրանց հրապարակայնությունը չի խոչընդոտում, որպեսզի ոչ պաշտոնական վերլուծություն իրականացնեն նաև մամուլը, հասարակական միավորումները և այլն: Ողջ խնդիրն այն է, որ հրապարակված տվյալներն առանձին վերցրած կարող են միայն կոռուպցիայի առկայության մասին ենթադրությունների առիթ լինել, բայց ոչ երբեք բավարար հիմք՝ կոնկրետ մեղադրանք հնչեցնելու համար:

-Միջազգային փորձը վկայում է այն մասին, որ կոռուպցիոն երևույթների բացահայտման հաջողությունը թելադրված է ինչպես եկամուտների չափերի ու դրանց աղբյուրների, այնպես էլ կատարված ծախսերի հրապարակայնությամբ: Այս երկրորդ բաղադրիչը դեռևս հայրենական օրենսդրությունում չի արմատավորվել, սակայն, համոզված եմ, որ զարգացումներն անխուսափելիորեն կհանգեցնեն նաև այդ խնդրի լուծմանը:

Բոլոր դեպքերում, ներկայացված տվյալների հիմնավորվածությունը լիարժեք պարզելու երաշխիքը եկամուտների և ծախսերի համադրումն է: Հետխորհրդային տարածաշրջանում, հաջողված փորձ է ձևավորվել, հատկապես, մերձբալթյան երկրներում: Մասնավորապես, հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել անգամ ցույց տված եկամուտների ու ծախսերի միջև առկա հակասությունների փաստով: Ի դեպ, այս կտրվածքով արդյունքներն առավել նկատելի են այն երկրներում, որտեղ կանխիկ գումարների շրջանառությունը կամ խիստ նվազեցված է կամ անվերապահորեն բացառված է, օրինակ՝ Շվեդիայում: Նկատի ունեմ այն, որ անկանխիկ շրջանառությունն ինքնին վերահսկելի է, սակայն հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսատնտեսական ներդրումներ, որոնց սղությունը, թեպետ թելադրում է ձեռնպահ մնալ այդ նորամուծությունից, սակայն հարկադրում է նախապատվությունը տալ ոչ պակաս արդյունավետ, սակայն աշխատատար այլ այնպիսի եղանակների, որոնք միտված կլինեն հայտարարագրերում հենց տարաբնույթ հակասություններ բացահայտելուն: Դրա համար, կարծում եմ, անհրաժեշտ է մշակել ինչպես խնդրին վերաբերող տեղեկատվության հավաքագրման, այնպես էլ խելամիտ համադրման ու վերլուծության համակարգ:

 

Պարոն Դանիելյան, հնարավո՞ր է, արդյոք, որ փոխառության տոկոսների վերաբերյալ տվյալները ձևական լինեն, այսինքն՝ հետապնդեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներին օրինական շղարշ հաղորդելու պարզունակ նպատակ, մանավանդ, որ, ինչպես արդեն ասացիք, դա թույլատրելի եկամտի աղբյուր է: Հասկանալի է, որ տոկոսով դրամ տալը մեր իրականությունում խրախուսելի ու պատվաբեր երևույթ չէ, սակայն ավելի լավ է քննադատվել չեղածի, քան՝ դատվել իրական հանցագործությունների համար:

-Եթե անգամ որևէ մեկի մտքով անցնում է, որ իր ապօրինի եկամուտներին օրինական տեսք հաղորդելու նպատակով պարզապես փոխառության տոկոսներ նշելը միանշանակ «անշառ» տարբերակ է, ապա դա, մեղմ ասած, միամտություն է: Առանձնակի մեծ բարդություն չի ներկայացնում ինչպես եկամուտների չափի ու ստացված տոկոսների համադրություն իրականացնելը, փոխառության պայմանագրերի առկայությունն ու իսկությունը պարզելը, ստացված տոկոսների հիմքով շահութահարկ վճարելու փաստը ճշտելը և այլն: Ասեմ ավելին, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերում նկատվում է միտում, ըստ որի հիմնավոր կասկածների դեպքում (օրինակ, հաշվետու տարում ձեռք է բերվել ունեցած եկամուտներին ակնհայտ անհամաչափ անշարժ գույք կամ կատարվել են այդպիսի ծախսեր) եկամուտների օրինականության ապացուցման բեռը դրվում է հենց կասկածյալ պաշտոնյայի վրա: Սա հակասության մեջ է քրեական դատավարության հանրահայտ սկզբունքների հետ, սակայն այս բացառությունը կարող է մոտ ժամանակներում օրինաչափության վերածվել:

 

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31