Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությանը նվիրված՝ ապրելու գիրք

Մարտ 15,2014 19:07

Դանիել Դավթի «Նոյյան ճանապարհ» բանաստեղծությունների, պոեմների գիրքը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ոճրագործության դատապարտմանը:

Գիրքը տպագրվել է «Արտագերս» հրատարակչության տպարանում, 99 օրինակով, խմբագիրն է թատերագետ Լեւոն Մութաֆյանը:

Գիրքը բաժանված է երկու ՝«Բանաստեղծություններ 13 սխալներով» եւ «Նոյյան ճանապարհ» մասերից:

Դանիել Դավթի գրքում բանաստեղծական անակնկալներն անհաշիվ են, նա ներկայացնում է Եղեռնն իր ահասարսուռ պատկերներով, մահվան կողքին , մահվան դեմ կյանքը սիրողի, հայրենիքը սիրողի, չհանձնվողի գերխիտ զգացումներով: Ում վրա է ձեռք բարձրացրել թշնամին, ով է զոհը, որը չի հանձնվում:

«Ես ուզում եմ ապրել-քեզ հրաժեշտ չտալով, քեզ չհամբուրելով: Ես ուզում եմ ապրել, երբ ծառերն են չորեքթաթ այցելում ինձ:Ես ուզում եմ երգել-իմ կարոտը երկրամասի, իմ ցավը -կարտոֆիլի մարգերում թրջված»,-գրում է բանաստեղծը:

Բանաստեղծ, որն ինչպես ինքն է ասում, իր արյունն է բերել Կումայրուց:

Դանիել Դավիթը կանոնիկ չի, ստանդարտ չի, չի կրկնվում .նրան իր հետեւից տանում են  այն ապրումները, որոնք գեներով փոխանցվել է իրեն՝ Եղեռնը վերապրածներից:

«Ճշմարտությունն  այս –մի լվացք է փռված, որ չի չորանում ոչ մի արեւի տակ»,-գրում է նա:

Պոեմն առանձին մասեր ունի՝«Ծիծեռնակաբերդ», «Արյան հորիզոնական», «Երեք վարդ», «Ցաքուցիր սիրտ»…

«Ինչ է արարքն իմ. ապտակիր, հոգուս հյուսքերի մեջ բողոբոջներն են քո, կյանքի, կարոտի պատմության: Թե թերացել եմ…ապտակիր: Չենք լռելու-չհաշտվող մեր Արարատի պես»:

Ողջ գրքում կյանքին  փարվածի խոհերն են, որը որպես պատգամ ասես հուշի բանաստեղծը մեզ.

«Եվ դիմացիր, առավոտ իմ, իմ նոր ճանապարհին, Եվ դիմացիր , Աստված, իմ նոր հանդիպմանը, Եւ ապաստան մի փնտրիր մաշկիս տակ: Շապիկս պատռված է: Վերցրու աջդ, Որ մարմնիս վրա աղմկի անձրեւի գարունը»:

Ցեղասպանությունը պետք է դատապարտել, բացելով մարդկության «ականջ նկուղները»,  ճշմարտության էջերի մենախոսությունը պիտի դառնա բոլորինը:

Դանիելի ամեն մի տողը գյուտ է. «Անիվների տակ անտեր հացը-անտեր ճամբար»,«Խաչի թեւերի տակ մանկատներ», «Երկինք քավարան»:

Գրքի շնորհանդեսը մարտի 17-ին է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31