Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակտիվացո՞ւմ սպասել

Մարտ 15,2014 18:58

Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներից հետո լուրջ հակասություններ են առաջացել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների միջև: Լուրջ մտահոգություններ կան, որ այդ հակասությունն իր բացասական ազդեցությունը կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող գործընթացների վրա:

Ruben-Mehrabyan_3Aravot.am-ի հարցին արդյոք համանախագահների միջև գոյություն ունեցող հակասությունները բացասաբար չե՞ն անդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահների աշխատանքներին, «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես պատասխանեց. «Հատկապես երեկվա՝ Լավրովի և Քերիի անարդյունք ավարտված բանակցություններից հետո կարելի է ասել, որ բոլոր այն  հարթակներում, որտեղ մինչ այժմ համանախագահները համագործակցում էին, այդ թվում նաև ԼՂ հակամարտությունը, Մինսկի խմբում հարաբերությունները կարող են էապես փոփոխություններ կրել»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝  «հատկապես հետխորհրդային տարածքում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կան ընդգծված հակասություններ, իսկ այն անջրպետը, որ կա նրանց ընկալումներում, գնալով անդունդի է վերածվում: Պարոն Մեհրաբյանը շարունակելով նշեց. « Չպետք է բացառել, այլև հավանական համարել, որ Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբում այդ հակասությունները նույնպես կարող են սրվել»:

Պատերազմ չցանկանալու հանգամանքը տարածաշրջանում այն միակ ընդհանուր շահն է, որը ձեռնտու է թե ՌԴ-ին, թե Արևմուտքին, թե ԱՄՆ-ին: Այս առիթով փորձագետը նշեց. «Պատերազմի վերսկսումը Ռուսաստանին ձեռնտու չէ, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը նույնպես Ռուսաստանի պլաններում չկա: Ռուսաստանին ձեռնտու  է ներկայիս ստատուս քվոն, որը կա ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում տարածաշրջանում  առավել անցավ և քիչ ծախսատար տարբերակ է»: Պարոն Մեհրաբյանը Արևմուտքի կողմից էլ առանձնապես մեծ նախաձեռնություններ չի սպասում:

Բայց այս գործընթացներում Ռուբեն Մեհրաբյանը որոշակի ակտիվացում կանխատեսում է՝ հատկապես պայմանավորված այս օրերին նախատեսվող Ալիև-Սարգսյան հանդիպմամբ, որ «կոնֆլիկտը իր կառավարելիությունը չկորցնի»: Ռուբեն Մեհրաբյանը նկատի ունի «կոնտակտների ակտիվացում, գուցե լինեն տեղական նախաձեռնություններ, որոնք ընդհանուր պատկերի վրա ցնցումային ազդեցություն չեն ունենա»:

Meliq_Shahnazaryan-2Քաղաքագետների մյուս խումբը կարծում է, որ համանախագահների՝ գաղափարական հակասությունները մեծ ազդեցություն չեն կարող ունենալ Հարավային Կովկասի զարգացումների վրա: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս առիթով այսպիսի կարծիք հայտնեց. «Ապակայունացումը Հարավային Կովկասում ոչ մեկին պետք չէ: Դրա մասին է վկայում նաև ամերիկացի համանախագահի թվիթերյան այն գրառումը համաձայն որի՝ չնայած հակասություններին, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարողանում են համագործակցել Հարավային Կովկասում:  Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումը կարող է հանգեցնել  անցանկալի ռազմական գործողությունների: Այս տեսակետից ընդհանուր կայունությունը, ստատուս քվոն ձեռնտու է բոլոր կողմերին: ԱՄՆ-ն և Արևմուտքը կայունության պարագայում հնարավորություն են ձեռքբերում օգտվել այս իրավիճակից և կազմակերպել նավթագազային ռեսուրսների ապահով տեղափոխում Եվրոպա: Այս ֆոնին ՌԴ-ն կարողանում է պահպանել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում: Ի վերջո, ապակայունացումը կարող է շղթայական ռեակցիա ունենալ՝ Չեչնիա և այլն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31