Լրահոս
Օրվա լրահոսը

Օմար Դելգադո (Ռոքսռայթ). «Պարտադիր չէ գումար վճարել բրեյք դանս սովորելու համար»

Մարտ 15,2014 17:31

Այսօր՝ մարտի 15-ին, «Անալիտիկ» կենտրոնի հյուրերն էին բրեյք դանսի աշխարհի չեմպիոն, աշխարհահռչակ պարող (բի բոյ) Ռոքսռայթը (Օմար Դելգադո) և Հայաստանում Բրեյք դանսի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Անդրեասյանը: Մամուլի ասուլիսի թեման է բրեյք դանսի ամենամյա առաջնության Կովկասի նախընտրական փուլը:

Պարոն Անդրեասյանը նշեց, որ Հայաստանը Red Bull BC One մրցույթին մասնակցել են 2011թվ.-ից, սակայն հաղթանակներ չեն ունեցել: «Միջոցառման նպատակն է հավաքել հայկական թիմ: Հաղթանակին էլ պետք է աստիճանաբար հասնել: Հաղթանակ չունենք, սակայն ունենք լավ առաջադիմություն: Տղաների ցանկությունն ու ձգտումը լավ խթան կարող են հանդիսանալ դրա համար»,- ասաց ֆեդերացիայի նախագահը: Նա նաև նշեց, որ անցած տարիներին մրցել են տարածաշրջանի 2 երկրների հետ, սակայն այս տարի մրցելու են միայն Վրաստանի հետ:

Խոսելով բրեյք դանսի մասին՝ որպես մշակույթի ձև՝ պարոն Անդրեասյանն ասաց. «Բրեյք դանսը համաշխարհային սուբկուլտուրա է, որը չունի ազգային պատկանելիություն: Այն պատկանում է բոլորին»: Նա ասաց, որ այդ պարաձևով զբաղվում են և′ տղաները, և′ աղջիկները: «Բրեյք դանսով զբաղվում են այն երիտասարդները, որոնք ֆանատիզմով են մոտենում այս պարային ուղղությանը»,- ընդգծեց նա:

Ռոքսռայթը նախ անդրադարձավ Հայաստանում բրեյք դանսի վիճակին: Նա ասաց, որ այն լավ մակարդակի վրա է: Նա նշեց, որ այս դեպքից առաջ հայ պարողներին տեսել էր 2 տարի առաջ Թբիլիսիում, և աճը զգալի է: «Երեկ դասընթացի ժամանակ ես տեսա, թե ինչպես տղաները կարողացան անել այն ամենը, ինչ ես ցույց տվեցի: Կան և′ սկսնակներ, և′ միջին մակարդակի պարողներ, և′ պրոֆեսիոնալներ»,- ասաց Օմար Դելգադոն:

Այնուհետև նա խոսեց իր փորձի մասին: Նա սկսել է պարել 1995 թվականից: 2-3 տարի հետո հոբբին լրջացել է, սկսել է մասնակցել մրցույթների և պարային մարտերի: Ունի 85 մրցանակ և ցանկանում է մյուս տարի 100-ի հասցնել: «Իմ հաջողության գրավականը կարգուկանոնն է: Ես շատ զոհաբերությունների եմ գնացել: Շատ-շատ եմ պարապել: Մարտերի էի մասնակցում, անունս գրում էի ամենալավերի դիմացը, գուցե երբեմն պարտվում էի, բայց շարունակում էի: Երբ սկսեցի մրցել, էլ դուրս չեկա այդ միջավայրից: Բրեյք դանսը ձևավորվել է փողոցում: Պարտադիր չէ գումար վճարել բրեյք դանս սովորելու համար. բավական է լավ երաժշտություն և հարթակ ունենալ»,- ասաց Ռոքռայթը:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31