Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը կարող է բացահայտել, թե «հրաշալի» քառյակում ով է իրական ընդդիմություն, ով՝ ոչ

Մարտ 15,2014 16:26

Այս օրերին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կամ  «կանյաչնիում» ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-ՀՅԴ, ԲՀԿ-«Ժառանգություն» ձևաչափով հանդիպումներ են ընթանում: Դրանք կանվանեն «Հրաշալի քառյակ», թե ոչ իշխանական քաղաքական ուժերի կոնսուլտացիաներ, միևնույն է, արդյունքը չի փոխվում: Պարզ է այն, որ այդպես էլ այս ուժերի միջև  որևէ խնդրի շուրջ կոնկրետ տեսանելի համաձայնություն ձեռք չի բերվել: Օրինակ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի, կամ կառավարությանն անվստահություն պահանջելու հարցում այդպես էլ ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Առաջին հերթին հենց նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարցում, որը դնում է ՀԱԿ-ը:

Այնինչ միայն այս հարցի վերաբերյալ ուժերի դիրքորոշումներում հստակություն մտցնելուց հետո կարելի է վստահորեն խոսել ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի՝ ընդդիմություն լինելու-չլինելու մասին: Առավել ևս բոլորս էլ հիշում ենք Գագիկ Ծառուկյանի՝ մեկ տարի առաջ հնչեցրած այն հայտարարությունը, թե «ԲՀԿ-ն ընդդիմություն լինել չի կարող»:

Մյուս օրակարգային հարցը, որի շուրջ հնարավոր էր ոչ իշխանական ուժերի համապխմբվում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն էր: Այս թեմայով էլ բազմաթիվ քննարկումներ եղան, բայց արդյունքը կրկին տեսանելի չէ:

Գուցե կոնսուլտացիաների ա՞յս փուլում նշված խնդրի վերաբերյալ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեն՝ մանավանդ , որ ներկայացվում է, թե քառյակի հանդիպումների հենքը երկիրը ստեղծված ծանր իրավիճակից դուրս բերելն է: Հասկանալի է, որ երկրում գոյություն ունեցող նշված ճգնաժամային իրավիճակի պատճառներից մեկն էլ կառավարության աշխատանքն է, ինչից դժգոհություն են հայտնում անգամ իշխանական շրջանակներում:

Hrant-Melik-ShahnazaryanAravot.am-ը այս խնդրիների շուրջ զրուցեց քաղաքագետների հետ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը առանձնապես հույսեր չի կապում քառյակի հանդիպումների հետ՝ մասնավորապես կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում միասնական որոշման հանգելու առումով:

Նրա դիտարկմամբ՝ այսպիսով ուժերը նախապատրաստվում են հաջորդ ընտրություններին. «Չեմ կարծում, որ այդ ուժերից յուրաքանչյուրն իրականում նման ձգտում ունի: Վերջին ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ցույց տվեց, որ սահմանադրական ճանապարհով, առանց արյան գնում են հեղափոխության: Դա նույն ընտրություններն են, այլ փաթեթավորմամբ»:

Մեր հարցին՝ ի՞նչն է խանգարում չորս ուժերին այս հարցում ընդհանուր հայտարարի գալ, քաղաքագետը պատասխանեց. «Անվստահություն հայտնելու հաջորդ քայլը պիտի լինի նոր վարչապետի թեկնածություն առաջարկելը: Առաջարկեն Գագիկ Ծառուկյանի՞ն, Զուրաբյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ահա սա այն խնդիրն է, որը կբաժանի այս չորս ուժերին: Հենց եկավ միասնական լիդեր ընտրելու խնդիր, ՀԱԿ-ի ԲՀԿ-ի հավակնությունները թույլ չեն տա, որ դիմացինը լիդեր լինի»:

ShirinyanՔաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս հույս չունի, թե կառավարությանը անվստահություն հայտնելու հարցում չորս ուժերը ընդհանուր համաձայնության կգան: Պատճառների մասին խոսելով՝ պարոն Շիրինյանն ասաց. «Ամենաքիչը ԲՀԿ-ից եմ վախենում, քանի որ ինքը գործարարների միություն է: Լևոնի անկեղծությանն էլ չեմ հավատում, նա համառորեն փորձում է իր առջև դրված խնդիրը լուծել: ԲՀԿ-ն` այդ ընդդիմությունը, այլընտրանքը մեղմ օպոզիցիա է, ինչպես ԱՄՆ-ում դեմոկրատները»:

Ըստ Շիրինյանի՝ գործընթացն իր հունի մեջ կմտնի, եթե նախագահ Սարգսյանի «մատը խառնվի»: Մեր հարցին՝ նախագահին արդյոք ձեռնտու՞ է իր իսկ կառավարությանն անվստահության հայտնումը, քաղաքագետը պատասխանեց. «Իր կառավարությունը հո հոր տնից չի՞ բերել: Ջհանգիրյանը ո՞ւմ հետ է. հոգով սրտով Հանրապետականի հետ է: Նա է այս ընտրությունների կեղծման մեքենան ծակել, հիմա ընդդիմությու՞ն է  դարձել: Ահա այսպիսին են այդ չորս ուժերի կառույցները, ուստի նախագահը պիտի պրոցեսը ղեկավարի ու օժանդակի:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31