Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԻՄ-ով սկսվեց ամեն ինչ, եւ ԱԻՄ-ով է շարունակվում». Պարույր Հայրիկյան

Մարտ 15,2014 15:45

Մարտի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ մարդիկ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը, Թուրքիայի դեմ ելնելով, կաջակցի Հայաստանին, սխալվում են, քանի որ ռուսներն ու թուրքերը արյունով հարազատ եղբայրներ են՝ ուղղակի տարբեր լեզուներով են խոսում, իսկ վաղը՝ մարտի 16-ին, լրանում է նրանց Հայաստանի դեմ կնքած պայմանագրի 93-ամյակը.

«Այդ պայմանագիրը միջազգային իրավունքի տեսակետից անօրինական է, բայց Պուտինը մեծ ուրախությամբ Էրդողանին է փոխանցում այդ պայմանագրի բնօրինակը ու հպարտանում է, որ դրանով ապրում են: Հայաստանը, եթե ուզում է ունենալ ապագա, պետք է հրապարակավ պահանջի, եւ իր հետագա բոլոր հարաբերությունները կառուցի այդ պայմանագիրը չեղյալ հայտարարելու հիման վրա: Ռուսներն ու թուրքերը թո՛ղ էլի իրար հետ լավ լինեն՝ եղբայր լինեն, խնամի լինեն, հարս ու փեսա լինեն. դա իրենց իրավունքն է, թո՛ղ կնքեն առանձին պայմանագիր կամ այդ պայմանագրից հանեն հայերին վերաբերվող բոլոր հոդվածները»:

Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ամենից առաջ հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի ինքը, քանի որ ինքը հանդիսանում է հայ ժողովրդի ինքնորոշման հիմնադիրը եւ երկար տասնամյակներ առաջնորդել է հայ ժողովրդի ազատական պայքարը.

«Հովհաննես Թումանյանը, որ ասաց՝ ամենայն հայոց բանաստեղծն է, ոչ ոք չասաց՝ «ի՞նչ ես ասում», «մեծամիտ ես», բայց երբ Պարույր Հայրիկյանն է ասում, որ իրեն  88 թվականին արտաքսել են ձեր ինքնորոշման առաջնորդը լինելու համար, եւ աշխարհով մեկ ճանաչված է եղել որպես հայ ժողովրդի իրական, արդար իղձերի արտահայտիչ, ասում են՝ «Հայրիկյանը ի՜նչ մեծամիտ է»: Դուք ասե՛ք, դուք չեք ասել, ես եմ ասում, որովհետեւ ձեզ բթացրել եւ կործանում են՝ ձեզ առաջնորդ կարգելով ամեն տեսակի դավաճաններին»:

Այն հարցին, թե արդյո՞ք կարիք կա, որ արտախորհրդարանական ուժերն համախմբվեն եւ Հայաստանի լավ ապագայի համար ճանապարհ հարթեն, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ վերջին տասնամյակներում հայ ժողովրդի կյանքում առանց ԱԻՄ-ի մասնակցության որեւէ դրական բան տեղի չի ունեցել, եւ առողջ բանականություն ունեցող մարդիկ պետք է հասկանան, որ պետք է ԱԻՄ-ին լսել.

«ԱԻՄ-ով սկսվեց ամեն ինչ, եւ ԱԻՄ-ով է շարունակվում, եւ ինչ էլ որ խոսում են, վերջում գալիս են ինքնորոշման: Ես մեր ժողովրդին նվիրել եմ ինքնորոշում գաղափարի կարեւորման հասկացությունը, հիմա դրանց խելքը կհասնի՞, չի հասնի՞ իրենց խնդիրն է, հայ ժողովուրդը խնդիր չունի. հայ ժողովուրդը ունեցել է իր Նելսոն Մանդելան, եւ այդ մարդը այսօր պատրաստ է ծառայել՝ չնայած բոլոր դավադրությունների»:

Անդրադառնալով 4 քաղաքական ուժերին՝ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ նրանք բոլորը կողմ են Մաքսային միությանը եւ պուտինյան քաղաքականությանը, այդ պատճառով՝ նրանց հետ չի կարելի լուրջ ճանապարհ գնալ.

«Եթե այդ լուրջ ճանապարհը հանում եք, եւ մնում է Տիգրան Սարգսյանին մեկ այլ Սարգսյանով փոխարինելու բարձր գաղափարը, այդտեղ մենք անելիք չունենք, թո՛ղ գնան իրենց յուղում տապակվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31