«Դե!մ եմ» նախաձեռնության անդամներն այսօր իրականացրեցին հերթական ակցիան՝ հեծանվաերթի միջոցով:
Նախաձեռնության անդամների խոսքով՝ հեծանվաերթը նպատակ ունի իրազեկելու քաղաքացիներին մարտի 22-ին կայանալիք կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ հավաք-երթի մասին, որին մասնակցելու են նաեւ 4 ոչ իշխանական խմբակցությունների անդամները:
Հեծանվաերթի ընթացքում քաղաքացիներին բաժանվեցին հավաքի մասին իրազեկող թռուցիկներ, որոնցից մի քանիսը փաթեթավորված էին գունավոր ժապավեններով: Նախաձեռնության անդամ Ռուզաննա Չախմախչյանի խոսքով՝ թռուցիկները փաթեթավորված են նման կերպ, որպեսզի ավելի գրավիչ տեսք ունենան. «Որպեսզի մարդիկ, որոնք այդքան էլ տեղեկացված չեն կամ գտնում են, որ մեր ակցիաները չեն կարող այդքան էլ արդյունավետ լինել, ավելի հետաքրքրված լինեն եվ մեզ միանան»:
«Դե!մ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանի խոսքով՝ հեծանվաերթը բավականին արդյունավետ է եւ միանգամից գրավում է մարդկանց ուշադրությունը. «Մեր անցած՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երթի փորձից կարող եմ ասել, որ նման ակցիաները շատ արդյունավետ են: Միայն այն փաստը, որ հեծանիվները դրոշներով միանգամից աչք են ծակում, չի կարող ակցիան անարդյունավետ դարձնել»:
Կարդացեք նաև
Իսկ «Դե!մ եմ» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սրբուհի Ղազարյանը կարծում է, որ հեծանիվները առողջ ապրելակերպի միջոց են , այդ պատճառով էլ այն լինելու է իրազեկման համար հիմնական փոխադրամիջոցը. «Դեմ ենք բոլոր արատավոր երեւույթներին մեր երկրում եւ կողմ ենք, ցանկացած դրական երեւույթի՝ ինչպես նաեւ առողջ ապրելակերպին եւ հեծանիվներին»:
Ակտիվիստները հեծանիվներով Ազատության հրապարակից Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Նրանց վերջնակետը Ազատության հրապարակն էր:
Մանրամասն՝ տեսանյութներում.
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ