«Ապակայունացումը Հարավային Կովկասում ոչ մեկին պետք չէ, մյուս կողմից էլ այդ մասին է վկայում ԵԱՀԿ Մինսկ խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիք թվիթերյան գրառումը »,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Մինսկի խմբի համանախագահների՝ Ուկրաինայի հարցում ունեցած հակասությունները բացասաբար չեն անդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա, «Երկու երես» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝չնայած ՌԴ-ի և ԱՄՆ-ի հակասություններին՝ մեր տարածաշրջանում այս երկու երկրների շահերը չեն հակասում:
Թեման մանրամասնելով՝ պարոն Մելիք-Շահնազարյանն ասաց. «Չեմ կարծում, որ այդ հակասությունն ազդի ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա: Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումը կարող է հանգեցնել անցանկալի ռազմական գործողությունների: Այս տեսակետից ընդհանուր կայունությունը, ստատուս քվոն ձեռնտու է բոլոր կողմերին: ԱՄՆ-ն և Արևմուտքը կայունության պարագայում հնարավորություն են ձեռքբերում օգտվել այս իրավիճակից և կազմակերպել նավթագազային ռեսուրսների ապահով տեղափոխում Եվրոպա: Այս ֆոնին ՌԴ-ն կարողանում է պահպանել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում: Ի վերջո, ապակայունացումը կարող է շղթայական ռեակցիա ունենալ՝ Չեչնիա և այլն»:
Հարցին՝ այս ֆոնի վրա ի՞նչ ակնկալել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից, քաղաքագետը պատասխանեց. «Ակնհայտ է, որ այս պահին Մինսկի խմբի համանախագահները փորձում են Ալիև-Սարգսյան հանդիպում կազմակերպել: Այն կարող է լինել այս ամիս: Այդ հանդիպումից կարելիէ սպասել տեխնիկական ինչ-ինչ համաձայնություններ. օրինակ՝ չսրել իրավիճակը սահմանում և այլն»:
Կարդացեք նաև
Անցում կատարելով ուկրաինական զարգացումներին և վաղը կայանալիք Ղրիմի հանրաքվեին՝ պարոն Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Քերի-Լավրով հանդպումից հետ կողմերը համաձայնության չեն եկել և դրա արդյունքն էլ հանրաքվեն է: Ըստ քաղաքագետի՝ այն կայանում է «եթե ոչ ՌԴ ճնշման, ապա լուրջ ազդեցության ներքո»: Ղրիմի և Ղարաբաղի միջև քաղաքագետը խորհուրդ տվեց զուգահեռներ չտանել՝ շեշտելով, թե «եթե նախադեպերի հիման վրա պիտի Արցախյան հիմնախնդիրը լուծվեր, ապա մենք ունեցել ենք ավելի լավ նախադեպեր՝ Կոսովո, Աբխազիա, Կիպրոս»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ