Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ատում եմ այն բարությունը, որ խեղճությունից է ծնվում»

Մարտ 15,2014 14:05

Սեւակյան տողերը ուղեցույց են արվեստագետի համար

-Դավիթ Ամալյան, մարդու ամենահստակ բացահայտումը ինքնաբացահայտումն է, ինչպե՞ս կբացահայտես ինքդ քեզ:
– Ինչպե՞ս բացահայտեմ ինքս ինձ, եթե անգամ ինձ համար բացահայտված չեմ…
-Դուք էլ անցել եք մարտական ուղի ու բազմաթիվ ազատամարտիկներից մեկն եք, այսօր էլ արդեն կայացած երգիչ-երգահան:
– 20-ից ավելի տարիներ են անցել… Այսօրվա պես հիշում եմ ամեն ինչ. Դուշմանին, ում շնորհիվ ոչ միայն մարտական պատրաստվածություն անցանք, այլ նաեւ բարոյագիտության դասեր: Ամենակարեւորը, անկախ ժամանակից ու վայրից, «Մարդ» լինելու արվեստը ճանաչեցինք: Լյովա Գեւորգյան… ով իսկական մարտիկ դաստիարակեց, ու շնորհիվ նրա՝ հազար կյանքեր փրկվեցին: Հրաչ Մուրադյան… ով պայքարեց թշնամու դեմ, հաղթեց, բայց զոհը դարձավ սեփական հողի ծնած ու սնած դավաճանի: Նրանք այն քչերից են, որոնց համար հայրենասիրությունը բառերով չէ, որ պետք է արտահայտվի: Բա մեր Ցո՞ւլը… Այսօր միայն կարող եմ ասել. «Ներողություն»… Իսկ ներողություն արտասանելիս հիշում եմ Սեւակի խոսքերը. «Ատում եմ այն բարությունը, որ խեղճությունից է ծնվում»:

Թերեւս, իսկապես, տարիներն անցել են, ու սոսկալի ցավ է, երբ ամեն ինչ մոռացության է մատնվում… Լյովա Գեւորգյանն այն քիչ հրամանատարներից մեկն է, ով մինչեւ վերջ չնահանջեց: Մահվան կողքին կյանք տեսնելով, թեկուզ մի փոքր հույս տեսնելով` նա փրկում էր` չկորցնելով հերթական կյանքը: Գուցե զարմանալի լինի, բայց Մատաղիսի ժամանակ կամ պետք է փախնեիր դավաճանի նման, կամ հերոսաբար առաջ շարժվեիր: «Ազգային լեգեոն» ջոկատը նախընտրեց մահը հերոսաբար, քան փախուստը դավաճանի, որովհետեւ նրանց տղամարդկություն էին սովորեցրել… Լյովա Գեւորգյանը մարտական բարձր գիտելիքներով հրամանատար էր, ու նա ոչ միայն սովորեցրեց, այլ բազմաթիվ գյուղեր միայնակ գրավեց, շատ տարածքներ նրա նախագծերով ազատագրվեցին… Շատ տղերք հեռացան անվերադարձ` Մոնթեն, Պետոն, Վոժդը, Դուշմանը, Թաթուլը… գնացին` մտածելով` արդեն իրենց երազած հայրենիքն ունեն… Բա, Վազգե՞նը, ո՞վ էր լիարժեք ճանաչում Վազգենին, ոչ շատերը, քանի որ Վազգենը այն մարդկանցից մեկն էր, ով «ՄԱՐԴ» էր, անկախ նրանից, թե որտեղ էր` տանը, զորամասում, սեղանի շուրջ, թե Ազգային ժողովում… Չնայած տղերքը չմնացին, քանի որ եթե կենդանի մնային, ո՛չ իշխանության մեջ կլինեին, ո՛չ հիասթափվածների խմբերի, ո՛չ գործարար կլինեին, ո՛չ գեներալ: Ա՛յ, երբ տեղ ազատվի, նոր միայն կգան… Դուշմանը քարոզում էր բարոյական արժեքներ, բայց ո՞ւր են այսօր այդ ամենը… Չկան… Կորցրել ենք……Մենք թուլանալու իրավունք չունեինք: Ես ինքս պատերազմ տեսել եմ, դա սարսափելի էր, ու նոր պատերազմ չեմ ցանկանում: Պատերազմի ժամանակ, գոնե, կինը տղամարդուց տարբերվում էր, իսկ այսօ՞ր… Է՜, շատ շեղվեցի տղաներից, թող ներեն ինձ… Այսօր մեզ Վարդանի գաղափարներն են պետք` անկեղծությունն ու մարդասիրությունը… Երանի՜ ողջերը գնահատեին այն, հանուն ինչի շատերը զոհվեցին: Վրեժ Իսրայելյանը իր մի գործում ասել է, թե «Եռաբլուրի» տղաների մեջ ավելի շատ կյանք կա, քան շատ ապրողների մեջ… Երբ մարտական ընկերներով հավաքվում ենք, կարծես որբ լինենք… Մենք որբացած ենք մեր այն ընկերներից, որ չկան, այն սիրուց, որ այն ժամանակ ունեցել ենք: Այնտեղ մեռնելն էլ երջանկություն էր, քանի որ արդար կյանք կար:

Փոքր էր տղաս, դեռ նոր էր բլբլում: Միասին գնացինք Եռաբլուր, քայլում էինք… ասացի` ինչ լավ լռություն է, չէ՞… Նա մի րոպե նայեց իր շուրջը ու ասաց` հոպարները խոսում են, մենք չենք լսում: Ապշել էի…

ՎԱՐԴԻԹԵՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31