Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանում բացվեց հեռուստաստուդիա

Մարտ 15,2014 13:55

Այսուհետ Մանկավարժական համալսարանում կգործի թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիա, ինչպես նաեւ պատմաբան, պետական եւ մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարան: Վերջինս առաջիկայում ծառայելու է նաեւ որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, որտեղ ուսանողները շաբաթվա ցանկացած օր կարող են այցելել եւ օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից: Հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողները հնարավորություն կունենան տեսական գիտելիքները համադրել պրակտիկ հնարավորություններով. վարպետության դասեր, հաղորդումների դիտում, բովանդակային մշակում, խմբագրում եւ այլն:

7-2

Ստուդիայի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար, Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամ Հասմիկ Պողոսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, ով աջակցել էր ստուդիայի կայացմանը, Արմեն Հովհաննիսյանի կինը, հյուրեր, Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողներ: Հյուրերը շրջեցին ստուդիայում եւ լսարանում՝ ծանոթացան տեխնիկական հնարավորություններին:

Հասմիկ Պողոսյանը նկատեց, որ այսօր դեռեւս կան մարդիկ, ովքեր գնահատում են ազգային արժեքները, եւ կա հաստատություն՝ ի դեմս Մանկավարժական համալսարանի, որտեղ հասկանում են, թե ինչպես պետք է կրթել մատաղ սերնդին:
«Շատ կարեւոր է այսպիսի լավագույն կրթական հաստատությունում ունենալ նման կարեւորագույն պրակտիկ հատվածներ, որտեղ մշտապես վառ կմնա երկու անհատների անունը, այս սերունդը կդաստիարակվի նրանց խորհուրդներով եւ կդառնա այն սերունդը, որի մասին երազում ենք եւ որով պատկերացնում ենք ապագա Հայաստանը»,- ասաց մշակույթի նախարարը:

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ նման հագեցած ստուդիան հնարավորություն է տալիս ոչ միայն ուսանողների ուսումնական գործընթացը լիարժեք դարձնել, այլեւ մեծանուն մարդկանց անունով անվանակոչելով՝ հավերժ դարձնել նրանց հիշատակը: Ռեկտորը կրթական համակարգում մեծ ավանդի համար՝ Հասմիկ Պողոսյանին եւ Բարսեղ Բեգլարյանին պարգեւատրեց բուհի բարձրագույն պարգեւով՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով:

Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը կարեւորագույն այս իրադարձությունը համարեց երկու փառավոր անվանակոչումներ, որոնք կապված են այնպիսի անունների հետ, ովքեր ուղիղ առնչություն ունեն հեռուստալրագրության կայացման հետ եւ այն հազվագյուտ երջանիկներից են, ովքեր ոչ միայն հաջողությունների են հասել իրենց բնագավառներում, այլեւ կերտել են ամբողջական համակարգեր:

«Ստուդիան հագեցած է տեսախցիկներով, տեսամոտաժման համար համապատասխան սարքավորումներով եւ այն անհրաժեշտ գործիքներով, որոնցով կարող ենք լուծել մեր խնդիրները: Համալսարանն ուներ արդեն շուրջօրյա գործող ռադիոն, եւ հեռուստատեսությունն էլ եկավ ամբողջացնելու համալսարանի լրատվական մթնոլորտը: Սա լավագույն հնարավորությունն է տալիս ուսանողների տեսական գիտելիքների հետ մեկտեղ նաեւ զարգացնել իրենց գործնական ունակությունները»,- ընդգծեց Լեւոն Գալստյանը:

Ներկաները դիտեցին Արմեն Հովհաննիսյանի եւ Ստեփան Պողոսյանի մասին պատմող ֆիլմ, ինչպես նաեւ լսեցին նրանց մտերիմների եւ ընկերների հիշատակի խոսքն ու հետաքրքիր պատմություններ նրանց կյանքից:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31