Օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը թերեւս մի ավելորդ անգամ «ոչ իշխանական չորս ուժեր» երկար բառակապակցությունը չարտասանելու եւ խոսքին գեղարվեստականություն հաղորդելու համար գործածեց «հրաշալի քառյակ» բնորոշումը:
Հասկանալի է, որոշիչը հոլիվուդյան հայտնի «Հրաշալի յոթնյակը» ֆիլմի անվանումից է քաղված, իսկ թիվը, այնուամենայնիվ, հայրենի քաղաքական իրականությունից: Կարելի է չորս կամ չորսին մոտ գործող անձանց ակնարկող այլ նմուշներ էլ առաջարկել: Ասենք՝ «Երեքը նավակում, չհաշված շունը», կամ լեհական հայտնի հեռուստասերիալը՝ «Չորս տանկիստերն ու շունը»: Վատ տարբերակ չէ հանրահայտ «Երեք հրացանակիրները», դե, հասկանալի է, գումարած Դ’Արտանյանին:
Իսկ թե ՀՅԴ-ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» անձնակազմից հատկապես որ մեկն է խորամանկ ու ճարպիկ գասկոնացին, կարող են իրենք որոշել:
Ի դեմս ոչ իշխանական չորս ուժերի՝ «հրաշալի՞ քառյակի» հետ գործ ունենք, պարզապե՞ս «քառյակի», թե՞, ասենք, լարային «կվարտետի»:
Դատելով այն բանից, որ չնայած հաճախակի քառակողմ հանդիպումներին, նրանք ավելի շատ լռում են համաձայնությունների ու կայացված որոշումների մասին, այդ քառյակում հրաշալի շատ բան առանձնապես չկա: Ավելի շուտ դա ընդամենը քառյակ է, այսինքն՝ չորս տարբեր կուսակցությունների, ուժերի քանակական առկայություն, կուտակում նույն վայրում:
Ամեն դեպքում նրանք դեռ «կվարտետ» չեն: Իրավիճակում, երբ չորսն էլ ուզում են ջութակ նվագել, ըստ որում՝ «առաջին ջութակը» լինել, ոչ իշխանականների այդ կուտակումից դեռ «կվարտետի» հոտ էլ չի գալիս, ո՛չ քաղաքական առումով, ո՛չ էլ, կներեք, երաժշտական:
Բայց սա, այսինքն՝ միասնական որոշումներ կայացնելու, դրանք համակարգված ու փոխհամաձայնեցված իրագործելու կարողությունը դեռ հարցի մի կողմն է: Դժվար չէ նկատել, որ ոչ իշխանական քառյակում համագործակցությունն ու գործակցվածությունը տակավին սաղմնային վիճակում են: Թեպետ առանձին դեպքերում, ինչպես, օրինակ, կուտակային կենսաթոշակային համակարգին, «գազային» համաձայնագրերին ու հանձնաժողով ստեղծելուն վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ, նրանք համաձայնեցված հանդես եկան: Հնարավոր է, որ առաջիկայում մարտավարական բնույթի այլ քայլեր էլ միասին կամ համաձայնեցված կատարեն:
Սակայն շատ ավելի էական է, թե այս քառյակը, նախ, որքանով է ընկալվում հանրության մեծամասնության կողմից, պարզ ասած՝ վայելո՞ւմ է ժողովրդի վստահությունը, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ՝ միասին վերցրած: Ու միաժամանակ, կարեւոր է, թե քառանկյան բոլոր «անկյունները» որքանո՞վ են վստահում հենց միմյանց:
Վերջից դիտարկելով, դժվար չէ նկատել, որ կողմերի միջեւ ամբողջական վստահություն չկա: Համոզվելու համար բավական է հետեւել նրանց ներկայացուցիչների այն հայտարարություններին, որոնցում խոսվում է իրենց տարաձայնությունների մասին, իսկ տողատակում կամ ուղեկից քարոզիչների միջոցով ակնարկվում են «հակառակորդ ճամբարի», այսինքն՝ իշխանության հետ փոխհարաբերություններ ունենալ-չունենալու, իշխանության հանդեպ վերաբերմունքի հանգամանքները:
Միաժամանակ օրերս էլ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո կողմերը միանգամայն տարբեր դիրքորոշումներ արտահայտեցին անգամ իրենց մոտեցումների միջեւ եղած տարբերությունների վերաբերյալ: Մեկը խոսեց համաձայնությունների մասին, իսկ մյուսը դրանից կարճ ժամանակ անց շեշտեց ունեցած տարբերությունները:
Ինչ վերաբերում է հանրության վստահությանը, ապա սա, իհարկե, ամենից առաջ պրոֆեսիոնալ սոցիոլոգների ուսումնասիրության թեմա է: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ անզեն աչքով էլ կարելի է նկատել՝ հանրության մեծ մասն առնվազն թերահավատ վերաբերմունք ունի չորս ուժերի քաղաքական շփումների ու դրանց ենթադրելի արդյունքների հանդեպ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: