Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվել է նաեւ ռոտավիրուսի պատվաստանյութի ներդրման շնորհիվ»

Մարտ 15,2014 14:40

Վստահեցնում է իմունականխարգելման ազգային ծրագրի
ղեկավար Գայանե Սահակյանը

2012 թվականի նոյեմբերի 1-ից պատվաստումների ազգային օրացույցում ներառվեց նաեւ ռոտավիրուսի դեմ պատվաստումը: Այսպիսով, Հայաստանում բոլոր նորածինները մինչեւ վեց ամիսը լրանալը պետք է ստանան ռոտավիրուսային պատվաստում: Ռոտավիրուսային պատվաստանյութի ներդրման անհրաժեշտությունը ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում բացատրում է փորլուծային՝ ծանր դիարիային հիվանդությունների կանխարգելմամբ: Այս խիստ վարակիչ հիվանդությունը մարդու օրգանիզմ ներթափանցում է բերանի խոռոչով: Տիկին Սահակյանի տվյալներով՝ համաձայն վիճակագրության, տարեկան կտրվածքով երեխաների 36 տոկոսը հոսպիտալացվում է ռոտավիրուսային վարակների պատճառով. «Սա իհարկե, խնդիր էր ոչ միայն երկրի համար՝ հանրային առողջապահական տեսանկյունից, այլ նաեւ հենց երեխաների առողջության տեսանկյունից: Պատկերացրեք՝ մինչեւ 5 տարեկան երեխան ծանր ջրազրկումով հոսպիտալացվում է, եւ դրանից հետո նրա մոտ նյարդաբանական փոփոխություններ եւ բազմաթիվ բարդություններ են ի հայտ գալիս»:

Մասնագետի ներկայացմամբ՝ ռոտավիրուսային վարակները ծանր դիարիաներ՝ ջրազրկումով ուղեկցվող հիվանդություններ եւ հիմնականում ծանր ընթացքով, գերազանցապես գրանցվում են մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում: Երեխաների մոտ ռոտավիրուսային վարակը հիմնականում սկսվում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի անկմամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ եւ փսխումներով. երեխայի օրգանիզմը ջրազրկվում եւ հյուծվում է: Հիվանդության հետեւանքով առաջացած բարդությունները նույնիսկ կարող են հանգեցնել մահվան: Այդ պատճառով տիկին Սահակյանը խորհուրդ է տալիս՝ եթե օրվա մեջ երեք անգամից ավելի երեխայի մոտ կան լուծի եւ փսխման ախտանշաններ, ապա պետք է անհանգստանալ եւ անմիջապես դիմել բժշկի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ Հայաստանում մինչեւ ռոտավիրուսային պատվաստումները՝ տարեկան 1000՝ մինչեւ 5 տարեկան երեխաներից 0.2-0.5-ը կարող էր մահանալ ռոտավիրուսային դիարիաներից, կամ 40-100 երեխայի մահվան պատճառը կարող էր լինել ռոտավիրուսային վարակը:

Առողջապահության նախարարության մասնագետը վստահեցնում է, որ պատվաստումն անվնաս է, բարդություններ չի հարուցում: Այն մրգային համով հեղուկ է եւ երեխային տրվում է բերանային ճանապարհով: Ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով, եւ շատ կարեւոր է, որպեսզի երեխան պատվաստումը ճիշտ ժամանակին ստանա:

«Առաջին դեղաչափը պետք է կատարվի երեխայի կյանքի մինչեւ 15 շաբաթականը, քանի որ 16-ը կարող է ուշ լինել: Երկրորդը՝ 32 շաբաթականում: Երկու դեղաչափերի միջեւ պետք է պահպանվի առնվազն 4 շաբաթ տեւողություն: Պատվաստում անցնող երեխաները նախօրոք հրավիրվում են պոլիկլինիկա, անցնում բուժզննում, եւ բավարար արդյունքների դեպքում կատարվում է պատվաստումը»,- ասում է տիկին Սահակյանը: Ըստ նրա՝ պատվաստանյութն ապահովում է, ընդհանուր առմամբ, 85-95 տոկոսանոց արդյունավետություն: Ի դեպ, սա միակ պատվաստանյութն է, որի արդյունքը, ի տարբերություն մնացած պատվաստանյութերի, շատ կարճ ժամանակամիջոցում երեւում է:

Գայանե Սահակյանի խոսքերով՝ պատվաստանյութը 2012թ.-ի նոյեմբերին ներդնելուց արդեն երեք ամիս անց արդյունքն ակնհայտ է եղել. «Հերթական սեզոնային բարդացումը լինում էր հունվար, փետրվար, մարտ ամիսներին, բայց այդ պիկը մեզ մոտ չեղավ: Եթե մենք 2012 թվականի գարնան ամիսներին ունեինք մինչեւ 52 տոկոս հոսպիտալացում, ապա 2013-ի նույն ամիսներին կրկնակի՝ 50 տոկոսով մեր հոսպիտալացումները նվազեցին. մարտին արդեն 23 տոկոս էր: Եթե թվերով ներկայացնենք, ապա 2012 թվականին մինչեւ 1 տարեկան 196 երեխա է հոսպիտալացվել, իսկ 2013-ին՝ ընդամենը 68, սրանք էլ այն երեխաներն են եղել, որոնք պատվաստման ենթակա չէին, որովհետեւ պատվաստանյութը ներդրել ենք տարվա կեսին՝ նոյեմբերից՝ սեպտեմբերի մեկից հետո ծնված երեխաների համար: Անցյալ տարի մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության կրճատման աննախադեպ ցուցանիշ արձանագրեցինք, ինչը նաեւ պայմանավորված էր ռոտավիրուսի պատվաստանյութի ներդրմամբ»:

Տիկին Սահակյանի խոսքերով՝ ճիշտ է, պատվաստանյութի ներդրումից հետո հիվանդության հիմնական նվազումը եղավ մինչեւ մեկ տարեկան երեխաների շրջանում, սակայն մյուս տարիքային խմբերում վարակը եւս նվազեց. «Կա կոլեկտիվ իմունիտետի գաղափարը, եթե հարուցիչն արդեն ընկալ օրգանիզմների շրջանում պակասում է, բարձր տարիքի երեխաներն էլ արդեն ռիսկի խումբ չեն դառնում, մինչեւ մեկ տարեկան երեխան, որ ռիսկի խումբն էր, արդեն իմունիտետ ունի եւ չի վարակվում, վարակը փոխանցողների թիվը պակասում է, եւ արդեն շրջապատը դառնում է անվտանգ: Հիվանդացան նրանք, ովքեր պատվաստված չէին: Մինչեւ վեց ամսական մենք ոչ մի հոսպիտալացում չունեցանք»:

Թյուր պատկերացում չկազմելու համար տիկին Սահակյանը մայրերին տեղեկացնում է, որ եթե երեխան ռոտավիրուսի դեմ պատվաստվել է, դա դեռ չի նշանակում, որ փոքրիկներն այլեւս ոչ մի տեսակի լուծ չեն ընկնի. «Կա մի պատրանք, որ եթե երեխային ռոտավիրուսային պատվաստում արեցինք, բոլոր լուծերը մենք կկանխենք. այդպիսի բան չկա, լուծեր երեխաների մոտ առաջացնում են մի շարք մանրէներ, բակտերիաներ, եւ ռոտավիրուսային պատվաստումը ինքը պատասխանատու է միայն ռոտավիրուսային վարակների համար, մյուսների համար պատասխանատու չէ»:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը վստահեցնում է, որ դիարիաների, լուծերի դեմ պայքարելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ՝ առաջնահերթ երեխաների կրծքով սնուցում, պատվաստումներ եւ միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում:

Տիկին Սահակյանի ներկայացմամբ՝ առայժմ ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը մեր երկիրը ձեռք է բերում ԳԱՎԻ-ի՝ պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի աջակցությամբ, ծրագրի ավարտից հետո այն կգնենք մեր երկրի պետական միջոցների հաշվին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31