Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով կասի՝ կինոն ի՞նչ է որ՝ դավաճան է»

Մարտ 15,2014 14:10

Հարություն Խաչատրյանը՝ կինոյի,
չկամության եւ ցեղասպանության ընկալման մասին

«Առավոտը» «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ուկրաինական դեպքերը կանդրադառնա՞ն ուկրաինացի կինոգործիչների՝ այս տարվա «Ոսկե ծիրանին» մասնակցությանը:
«Այնքան վախենալու բան է ինձ համար մարդ սպանելը, կոչվի պատերազմ, թե ռազմավարական մոտեցում: Ես դիվանագետ չեմ եւ չեմ ուզում սիրողական մակարդակի վերլուծություններ անել, բայց ինձ համար մեկ մարդու մահվան սպառնալիքը աշխարհի ամենամեծ մեղքն է: Ամեն երեխայի մահից հետո մարդիկ դառնում են հիվանդ:

Պատերազմի սարսափն ի՞նչ է, եթե ոչ ապրողների հիվանդություն, դա այնքան ահավոր բան է, բերում է շեղվածության: Ինչ վերաբերում է ուկրաինացիներին, իհարկե, հնարավոր է չգան, եթե մի բան այնպես չդասավորվի, ով գիտի, գուցե փառատոն չլինի, որովհետեւ այնքան ենք կախված նման բաներից: Այո, հրավիրել ենք Ուկրաինայի պոետիկ կինոն ցուցադրելու մեր փառատոնում, բայց ուկրաինացիները սիրտ կունենա՞ն իրենց պոետիկ կինոն ցուցադրելու մեր փառատոնում, կամ սիրտ կունենա՞ն գալ ու ներկայացնել իրենց պոետիկ կինոն, երբ մահվան սպառնալիք կա, Աստված տա խաղաղությամբ վերջանա այս պատմությունը, որովհետեւ ոչ մի ստրատեգիկ կամ տակտիկ հաղթանակ չարժի էդքան մահերին»,- պատասխանեց արվեստագետը:

Նրանից պարզեցինք, որ նախորդ տարվա նման այս տարի էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու բազմաթիվ հայտեր են ստանում՝ եվրոպական եւ ասիական երկրներից:

«Հետաքրքրությունը մեծ է «Ոսկե ծիրանի» հանդեպ, օրերս մշակույթի նախարարի մոտ հանդիպման էի, ասաց, որ Հայաստանի բրենդն է դարձել «Ոսկե ծիրանը»: Ժամանակին որոշ ագրեսիվ մարդիկ չէին ուզում, որ այդ փառատոնն իրականանար, ասում էին՝ ինչների՞ս է պետք: Այսօր ամռան ամիսներին բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, որպեսզի «Ոսկե ծիրանի» ֆիլմերը նայեն, ուրիշ տեղ չունեն կինոյի վարպետների հետ շփվելու համար: Հայաստանի ամենամեծ զենքերից մեկն է «Ոսկե ծիրանը», եւ այս զենքը չպետք է թողնել, որ ժանգոտվի: Իմ որոշ կոլեգաներն ասում են, արի համոզենք՝ դարձիր Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր, բայց ո՞նց կարելի է «Ոսկե ծիրանը» թողնել: Այսպես թե այնպես, ես միշտ օգնել եմ այդ բուհին, Արմեն Մազմանյանին, կինոյի մեծ վարպետների հետ իմ մտերմությունն ուղղել եմ այդ ինստիտուտ: Պետք լինի՝ էլի կօգնեմ, եթե նորմալ մարդ լինի ռեկտորը: Բացի դրանից, մենք կինոդպրոց ունենք, թատերականի տարբեր կուրսերից մեզ մոտ սովորում է 10-12 հոգի: Իմիջիայլոց, Հայաստանի բարեկամների թիվը նաեւ «Ոսկե ծիրանի» շնորհիվ է ավելացել, ախր սա մեծ դիվանագիտություն է: Եվ փառք Աստծո, որ բոլորը հասկանում են՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ արվեստագետները, ե՛ւ քաղաքացին, բացի մի քանի ագրեսիվ կինեմատոգրաֆիստից: Պատահում են հիմարներ, որ ուզում են քաղաքականացնել փառատոնը՝ նշելով, թե ում հետ ենք մտերիմ: Շատերին թվում է, որ պաշտոնյան օգնում է, ուրեմն հրաման է տալիս, իրականում նման բան չկա, եւ արվեստը ոչ մեկին չի պատկանում»,- նշում է մեր զրուցակիցը:

Կինոռեժիսորից հետաքրքրվեցինք նաեւ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ կինոսցենարների մրցույթի մասին:

«Հինգ տարի է՝ հայ-թուրքական կինոպլատֆորմ ունենք, 4-5 ֆիլմ ինքներս մեր փոքրիկ միջոցներով կարողացել ենք ֆինանսավորել կամ ֆինանսավորում գտնել տարբեր տեղերից, որպեսզի թուրք, քուրդ եւ հայ երիտասարդները ֆիլմեր նկարեն Հայոց ցեղասպանության մասին: Պատրաստվում ենք 1915 թ. ցույց տալ ֆիլմեր, որոնք մարդկանց վրա շատ կազդեն, կցուցադրենք ամեն տեղ՝ YouTub -ով, «Ոսկե ծիրանի» ժամանակ, մեր արտագնա, շրջանային եւ միջազգային ծրագրերում: «Փյունիկ» հիմնադրամի կողմից մեծ քայլ էր նախագծին աջակցելը, 10 հատ 3-6 րոպեանոց ֆիլմ պետք է անենք համատեղ: Դեռեւս երկու տարի առաջ պատմել եմ մի պատմություն թուրք հոգեբան աղջկա մասին, որը հիվանդացել էր, երբ պարզել էր, որ պապը հայ է ու դրա համար թույլ չեն տվել գյուղում թաղել, տարել ինչ-որ տեղ փոսի մեջ ծածկել են: Մեր օգնությամբ այդ ֆիլմը սկսվեց, գնացին այդ անթաղ հայ մարդու դին հանեցին, բերեցին թաղեցին իրենց գյուղում ու հանկարծ այդ գյուղի մարդկանցից շատերը պարզեցին, որ իրենց պապերն էլ են հայ… Սրանից ավելի մեծ օգուտ կա՞ մեր պատմությանը, ավելի լավ էր այս ֆիլմը նկարել, քան «Պատերազմ եւ խաղաղությունը»: Կարծում եմ՝ պետք է մի քիչ առողջանալ ցեղասպանվածի բարդույթից, բայց դա չի նշանակում մոռանալ անցյալը եւ ցինիկորեն ծիծաղել: Ի դեպ, երբ թուրքն է նկարում ցեղասպանության մասին, շատ ավելի կարեւոր է ինձ համար, քան այն, որ ավելի խիստ հայացքով հայը նկարի: Երբ 10 սցենարները պատրաստ լինեն, կառաջարկենք դրանք նկարել լավագույն ռեժիսորներին, այդ թվում՝ Վիգեն Չալդրանյանին, Սուրեն Բաբայանին, Միքայել Դովլաթյանին, Ռոման Բալայանին, Սերժ Ավեդիքյանին»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ արժեհամակարգի փոփոխությանը: «Հայաստանում մի 10-15 տարի առաջ սկսվեց կարեւոր մարդկանց արժեզրկումը, որը մինչեւ հիմա էլ շարունակվում է: Կուզենամ, որ այդ միտումը վերանա, առողջանա: Ինչ վերաբերում է կինոյին, եթե մեկն ասաց՝ կինոն ի՞նչ է որ, ուրեմն դավաճանի մեկն է: Կինոն ամենամեծ զենքերից մեկն է, այն նույնքան կարող է օգնել ազգին, ինչպես արտգործնախարարությունը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝
«Ոսկե ծիրանի» պաշտոնական՝
gaiff.am կայքից:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31