Լոնդոնում կայացել է Քերրիի ու Լավրովի հանդիպումը: ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին «կառուցողական և անկեղծ» է անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ուրբաթ օրը Լոնդոնում անցկացված բանակցությունները՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը պատրաստ չէ որևէ որոշում կայացնելու Ուկրաինայի շուրջ՝ նախքան կիրակի օրը Ղրիմում կայանալիք հանրաքվեն:
Քերիի համաձայն, Միացյալ Նահանգները շարունակում է նախընտրություն տալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ անմիջական երկխոսությանը: Նա ասել է նաև, որ ԱՄՆ-ը օրինական չի համարում այս հանրաքվեն, որի հետևանքով Ղրիմը կարող է առանձնանալ Ուկրաինայից և միանալ Ռուսաստանին: Արտգործնախարար Քերրին ասել է, որ ինքը կշարունակի կապ պահպանել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ, սակայն «Ռուսաստանի կողմից իր ուղին չփոխելը հետևանքներ կունենա»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին բանակցությունները «օգտակար» է անվանել՝ միաժամանակ, սակայն նշելով, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև պահպանվում են խորը տարաձայնություններ, և որ Ռուսաստանի և միջազգային կողմերի միջև չկա միասնական մոտեցում՝ Ուկրաինային վերաբերող խնդիրների շուրջ: «Մենք հարգանքով ենք վերաբերվելու Ղրիմի ժողովրդին կամքին», – ասել է արտգործնախարար Լավրովը՝ անդրադառնալով գալիք կիրակի Ղրիմում կայանալիք հանրաքվեին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է նաև, թե Ուկրաինայում ձևավորված ճգնաժամը «ռուսների մեղքը չէ»: Նա ասել է, որ Ռուսաստանի ուժերը չունեն Ուկրաինայի արևելյան շրջաններ ներխուժելու ծրագրեր:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայնի»-ի կայքում