«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի առնվազն երեք ազատամարտիկներ արդեն ստացել են ԱԱԾ-ի աշխատակիցների սպառնալիքները:
Նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փաստահավաք է անում՝ պարզելու ում ինչ կերպով են սպառնացել: Բայց առայժմ կարող է պատմել, որ ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից արդեն մի քանի օր է, ինչ գնում են ազատամարտիկների տուն ու սպառնում, եթե շարունակեն ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հավաքներին մասնակցել, իրենց համար վատ կլինի:
Նրա խոսքով, ոստիկաններն էլ տնետուն են ընկել, երբ ազատամարտիկներին տանը չեն բռնացնում, գնում են բարեկամների ու հարեւանների տներում գտնելու:
Պարոն Սարուխանյանի տվյալներով, սպառնալիքները ստացել են վերջին հանրահավաքից հետո ու սպառնում են նախաձեռնության ամենաակտիվ ազատամարտիկներին. «Հիմնականում այն ազատամարտիկներն են, որոնք վերջին հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ նրանցից մեկը գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանը վերջին հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակի բեմից կոշտ գնահատականներ ու անձնական վիրավորանքներ հասցրեց ՀՀ նախագահին, գուցե Սերժ Սարգսյանը զայրացե՞լ է, պարոն Սարուխանյանն ասաց. «Դե հիմա մենք օրենք չունենք, որ Սերժ Սարգսյանին կոշտ թվալու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Մեր հարցին, հնարավո՞ր է Սերժ Սարգսյանին ազատամարտիկների «նվնվոցն» է հունից հանել, մեր զրուցակիցն ասաց. «Նվնվացողին թողնում են իր համար նվնվա, էդ ինչի՞ եք ընկել հետեւներիցս, նվնվում ենք էլի մեզ համար»:
Վերջում էլ հավելեց, որ իշխանությունները ապերոյական ոճով են աշխատում ու անկանխատեսելի են, բայց սպառնալիքներն իրենց չեն վախեցնի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ