Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 38 միլիոն դրամի ոսկեղեն գողացածները դատարանում սպառնացել են տուժողին

Մարտ 14,2014 22:37

2013թ. հունիսի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ այդ հոդվածի 1.1 կետերով առաջադրված մեղադրանքով արդարացնել Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանին, Վանաձորի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով եւ նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կորյուն Ալավերդյանի կազմակերպելով՝ 2012թ. հունվարի 18-ին Վանաձոր քաղաքի բնակիչներ Վահե Թումասյանը եւ Մասիս Խաչատրյանը դռան կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել Բերդի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի բնակարան եւ ննջասենյակի մետաղյա պահարանից գողացել ընդհանուր արժեքով 38 միլիոն 488 հազար 75 դրամի ոսկե զարդեր եւ գումար: Վահե Թումասյանը իրավապահների կողմից չի հայտնաբերվել:

Այս քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել Զ. Զաքինյանի կայացրած դատավճռի դեմ եւ պահանջել ամբողջությամբ բեկանել կայացված դատավճիռը եւ Մասիս Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին եւ 1.1 կետերով նշանակել ավելի խիստ պատիժ, իսկ Կորյուն Ալավերդյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով: Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան) 2013թ. սեպտեմբերի 20-ին որոշել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ն. Չիլինգարյանի, ամբաստանյալ Մ. Խաչատրյանի պաշտպան Մ. Դավթյանի, տուժող Վ. Վանեսյանի ներկայացուցիչ Հ. Արսենյանի վերաքննիչ բողոքները մերժել, Կորյուն Ալավերդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով, Մասիս Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013թ. հունիսի 20-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Կ. Ալավերդյանի պաշտպան Ռ. Հակոբյանը եւ Մ. Խաչատրյանի պաշտպան Մ. Դավթյանը այս որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել, սակայն վճռաբեկ դատարանը 2013թ. նոյեմբերի 25-ին վերադարձրել է վճռաբեկ բողոքը: Սույն գործով դատավարությունը վերսկսվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: 2014թ. մարտի 13-ին Տավուշ մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Կորյուն Ալավերդյանին եւ Մասիս Խաչատրյանին դատապարտել է 5-ական տարվա ազատազրկման, նաեւ վճռել բռնագրավել նրանց անձնական գույքը: Այս մասին մեզ հայտնելով՝ տուժող Վլադիմիր Վանեսյանն ասաց, որ ինքը չգիտի՝ տուժողները որեւէ արժեքավոր գույք ունեն, թե ՝ ոչ: Նշենք, որ նախաքննության ընթացքում գողոնից հայտնաբերվել է ընդամենը մեկ մատանի: Վ. Վանեսյանն ասաց, որ իր կինը երկրորդ կարգի հաշմանդամ է, սրտային հիվանդ, ինքը տառապում է շաքարային դիաբետով:

«Երկու տարի, երկու ամիս տառապում ենք, այս գործով դատավարությունների մասնակցում, ամբաստանյալները դատավարությանը ընթացքում իրենց անկուլտուրական էին պահում, մեր ընտանիքին սպառնում, որ մենք երեխաներ ունենք»:

Հավելենք՝ սույն գործով Ռ. Մելքոնյանի կայացրած դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31