Հարցազրույց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ
– Պարոն Նիկոյան, տրանսպորտային ուղևորափոխադրումների մասին Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծի վերաբերյալ արդեն իսկ հնչում են տարաբնույթ մեկնաբանություններ և տրվում եզրահանգումներ։ Հաշվի առնելով, որ Դուք հանդիսանում եք նաև ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահը, թերևս հարկ է լսել նաև Ձեր տեսակետը:
– Այո, այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը։ Ես ծանոթ եմ տարբեր լրատվամիջոցներով տրվող մեկնաբանություններին և ասեմ, որ դրանք ըստ իս խիստ ուղղորդված են մեկ և ոչ ճիշտ ուղղությամբ։ Մասնավորապես խոսվում է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումները իրականացնելու է մեկ օպերատոր, որը համայնքային կազմակերպություն է լինելու։ Ասեմ, որ նման բան չկա, օրենքի փոփոխությունը, զուտ կանոնակարգում է համայնքային կազմակերպության կարգավիճակը և խնդիրը կայանում է նրանում, որ համայնքը իր առկա ռեսուրսներով և ավտոմոբիլային շարժակազմով ոչ թե ընդհանուր հիմունքներով մասնակցի երթուղիների մրցույթներին, այլ իր ունեցած շարժակազմի հնարավորությունների սահմաններում առանց մրցույթի իրականացնի որոշ երթուղիների շահագործումը։ Այսինքն` այդ առումով համայնքային կազմակերպության համար լինի բացառություն և դա տրամաբանական է։ Ասեմ, որ ներկայումս այն այդպես էլ իրականացվում է, ուղղակի խնդիրը օրենսդրական կանոնակարգման կարիք ուներ։
– Կարծես փոխվում է նաև փոխադրավարձի հաստատման և վերանայման մեխանիզմը։
Կարդացեք նաև
– Այո փոխվում է և այդ դրույթը հասարակական պահանջարկ ունի։ Մասնավորապես, տրասնպորտային ուղեվարձի առնչությամբ հասարակական քննարկումները ցույց տվեցին, որ հասարակությունը ավելի հակված է, որ փոխադրավարձի որոշումը չլինի միանձնյա, հետևաբար Երևանի ավագանու կողմից սահմանվող փոխադրավարձը ավելի համահունչ է հասարակական տրամադրություններին։ Այդ առումով զարմանք է առաջացնում նման մեխանիզմի ընդունման վերաբերյալ հնչող այլևայլ մտածածին եզրահանգումները, քանի որ ժամանակին հենց այդ պահանջն էր բարձրացվել քաղաքացիական հասարակության և ինչու չէ նաև Երևանի ավագանու խմբակցությունների կողմից։
– Ի՞նչ առնչություն ունի օրենքի փոփոխությունը ներկայումս քննարկվող և մշակվող սակագնի հետ։
– Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ փոփոխությունն ու լրացումը որևէ առնչություն չունեն սակագնի ձևավորման և վերանայման հետ։ Իսկ ինչ վերաբերվում է օրենսդրական այս նախաձեռնությանը և գործող հանձնաժողովի գործունեությանը, ապա համոզված եղեք, որ որևէ կերպ դրանք իրար հետ փոխշաղկապված չեն։
– Հանրությունը, ինչպես նաև ուղևորափոխադրողները խոսում են հանձնաժողովում կատարվող աշխատանքների դանդաղ ընթացքից։ Խնդրում եմ ասեք ո՞ր փուլում են աշխատանքները։
– Ես բազմիցս, թե մամուլով և թե այլ լրատվամիջոցներով նշել եմ, որ կատարվում է մեծածավալ և մանրակրկիտ աշխատանք փոխադրավարձի գնագոյացման վրա ներազդող կարևորագույն բաղադրիչի՝ուղևորահոսքի հաշվարկման համար։ Որպեսզի Ձեզ համար պարզ լինի իրականացվող աշխատանքների ընդգրկունությունն ու ծավալները, նշեմ որ այն իրականացվել է մայրաքաղաքի բոլոր երթուղիներում, ավտոբուսներում, երթուղային տաքսիներում, կանգառներում և վերջնականգառներում՝ հարցումների, արձանագրող սարքերի և դիտարկումների հիման վրա։ Դրանում ընդգրկված են եղել հարյուրավոր աշխատողներ, հատուկ սարքավորումներ և համակարգեր։ Այսինքն` այն իրոք ժամանակատար գործ է, որին մեր հրավերով մասնակցել են, թե օտարերկրյա և թե տեղական փորձագետներն ու մասնագետները։ Աշխատանքները ավարտվել են և մենք սպասում ենք օտարերկրյա փորձագետի ժամանմանը Հայաստան և օրերս կհայտարարենք հանձնաժողովի հերթական նիստի օրը, որից հետո կհրավիրենք հանձնաժողովի նիստ և հուսով եմ որ այսուհետ հանձնաժողովը կաշխատի սահմանված ընթացակարգով։