Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են նեղացած եվրախորհրդարանականները «բարիշել» հայերի հետ. Թեւան Պողոսյանը՝ ԵԽ նոր զեկույցի մասին

Մարտ 14,2014 21:56

Եվրոպացի խորհրդարանականների՝ հայկական պատվիրակության անդամների նկատմամբ վերջին կոշտ ու կոպիտ վերաբերմունքից հետո օրերս Եվրախորհրդարանը նոր ու խիստ անսպասելի զեկույց է հրապարակել:

Նոր զեկույցում ԵԽ-ն 180 աստիճանով փոխել է վերաբերմունքը եւ Հայաստանի հետ խոսելու տոնը: Այս անգամ ԵԽ-ն կոչ է անում անհապաղ Հայաստանի վրա դրական ազդեցություն ունեցող քաղաքականություն իրականացնել՝ կապված ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտների հետ: Զեկույցում խոսք է գնում նաեւ Հայաստանին ֆինանսական աջակցության մասին: Իսկ ԼՂ հիմնահարցի հետ կապված ԵՄ-ն գերագույն հանձնակատարին կոչ է արել մշակել վստահության ձեւավորման ծրագրեր:

Զեկույցում այլ մանրամասների հետ կապված այսօր՝ մարտի 14-ին Aravot.am-ը զրուցեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:

Պարոն Պողոսյանը հիշեցրեց, թե ինչպես էին եվրոպացի խորհրդարանականները սեպտեմբերի 3-ին հաջորդած ստրասբուրգյան նիստերին նեղացած ու վրդովված եղել, հակահայկական դիրքորոշում ընդունել՝ չլսելով անգամ հայկական պատվիրակության անդամներին. «Ամբողջ խնդիրն այն էր, որ այն ժամանակ նրանք նույնիսկ չէին ցանկանում, որ մնային այնպիսի կետեր, որտեղ ԵՄ-ն պատրաստ կլինի շարունակել օգնել քաղաքացիական հասարակության զարգացումներին: Բայց այսօր Ուկրաինայի դեպքերից հետո տեղի է ունենում փոփոխություն նաեւ իրենց գիտակցության մեջ, որ եթե իրենք փորձում են լուրջ դերակատարում ունենալ տարածաշրջաններում, իրենք պետք է ոչ թե կոշտ դիրքորոշում ցուցաբերեն, այլ փորձեն օգնեն, որ քաղաքացիական հասարակությունը զարգանա, խաղաղությանը նպաստող գործողությունների գնան: Այդ մասով իրենց քայլը ողջունելի է: Բայց չմոռանանք, որ դրանից նույնիսկ 2 տարի առաջ ԵՄ-ն ընդունել էր որոշում, որ իրենց ուժերը պետք է ներգրավեն չլուծված խնդիրների տարածքներ: Բայց ամեն անգամ, երբ մենք խնդիր էինք բարձրացնում, թե ինչու դուք չեք գնում աշխատելու Ղարաբաղում, ասում էին, որ դա ավելի շատ Վրաստանի պարագայի հետ էր կապված, կամ այլ տեղի, բայց ոչ Ղարաբաղի: Հուսանք, որ իրենք բացի խոսքից կանեն նաեւ որոշ գործողություններ, գործնական քայլեր»:

Թեւան Պողոսյանը հորդորեց այս զեկույցից եւ նման տրամադրվածությունից հետո առաջնորդվել սեփական շահերով. «Եթե ԵՄ կողմից կա գիտակցությունը, որ նեղացած կամ կոշտ դիրքորոշումը որեւէ հարց չի լուծելու եւ կա գիտակցություն, որ իրենք պետք է ընդգրկվեն, աշխատեն, համագործակցեն, օգնեն-օժանդակեն՝ դա մեր շահերից է բխում: Դա պետք է միայն ողջունել եւ ուրախանալ: Փորձենք օգտվել դրանից եւ նույնիսկ մի քայլ առաջ գնալ՝ հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից հետո միանգամից հայկական իշխանություններն էլ եւ ամբողջ հասարակությունը ընդունել է, որ Հայաստանը պատրաստ է Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրել: Պետք է փորձել լինել հետեւողական, բանակցել եւ ինչու ոչ՝ գնալ եւ ստորագրել: Հատկապես հիմա շատ բարենպաստ է: Ուկրաինայի դեպքերից հետո իրենք էլ գիտակցում են, որ հենց իրենց կողմից է եղել պատրաստակամությունը Ուկրաինայի համար գնալ այն քայլերին, որը Հայաստանն առաջարկել էր գնալ սեպտեմբերի 4-5-ին: Այն, որ  եվրոպական խորհրդարանում պատրաստ են օժանդակել Հայաստանին, որ մենք ավելի լայն ֆորմատով ընդգրկվենք, հիմա պետք է գնալ եւ համոզել, որ պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը՝ հատկապես, որ մենք դա ասել ենք առաջինը եւ ավելի շուտ, քան Ուկրաինայի իշխանությունները»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    А если через 2 месяца опять на 180% изменят свою позицию???? Детский сад,ей Богу!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31