Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղեցիկ չէ էլի, ցեխերի պատճառով մեռելներին հազիվ թաղելը». Գյումրու քաղաքապետի բարձրաձայնումը

Մարտ 14,2014 21:41

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  քաղաքի ցեխոտ փողոցների թեմայով դարձյալ խորհրդակցություն էր հրավիրել իր մոտ, որին մասնակցում էին ինչպես Ջրմուղի ղեկավարությունը, այնպես էլ քաղաքի ջրագծերի բարելավմամբ զբաղվող շինարար կազմակերպությունների` «Սադե»-ի և «Դորոժնիկ»-ի ներկայացուցիչները: Այսօր քաղաքապետն ավելի մեղմ էր խոսում, առաջարկում էր միասին մտածել, ելք փնտրել, որպեսզի գյումրեցիները  չհայտնվեն ցեխի գերության մեջ:

Քննարկման ընթացքում քաղաքապետը մի շատ հետաքրքիր ու պատկերավոր փաստ մեջբերեց` ցույց տալով, թե ինչ խայտառակ  վիճակի մեջ է գցում մարդկանց քաղաքի ցեխերը: «Գնացել էինք գծի հետև`Նորավան թաղամաս, մի երկու օր առաջ թաղում էր էնտեղ, մինչև կարողացանք տեխնիկա ուղարկել, թաղումը կազմակերպել… գեղեցիկ չէ էլի քաղաքի մեջ էս ամեն  ինչը…»,- անկեղծացավ Գյումրու քաղաքապետը:

Սամվել Բալասանյանն ասաց, որ անգիր գիտի քաղաքի փոսերը, քանի որ ամեն օր 30  կամ 40 րոպե քաղաքով  ման է գալիս: Նա ասաց նաև, որ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին չի հրավիրել իր մոտ  նրանց մեղադրելու համար, քանի որ, եթե  մեղադրելու հարց լինի, առաջին հերթին իրեն կմեղադրի` միայն թե գյումրեցիների հարցը լուծվի: Այնուհետ քաղաքապետը, դիմելով իր բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանին, նրան հանձնարարական տվեց տեր լինել նաև ասֆալտապատած փողոցներին, քանի որ երկրորդական փողոցների ցեխը տեղափոխվել է կենտրոնական փողոցներ, հրապարակ:

«Դա գիշերը լինի, Մանասյան, դա չգիտեմ երբ լինի, հանեք տեխնիկա, չունե՞ք, ինձ ասեք, ես տեխնիկա նորից ձեռք բերեմ: Չգիտեմ` ի՞նչ է պետք, ինձանից ի՞նչ է կախված, առնել, գնել, բերել, որպեսզի դուք կարողանանք գիշերներով  հավաքվեք` ջրցաններով, չգիտեմ ձեր ունեցած հնարավորություններով, տրակտորներով հավաքվել, մաքրել, ասֆալտի վրայից ուղղակի ցեխը հանել»,- ասաց քաղաքապետը:

Հանդիպումը լուսաբանող լրագրողներին մի պահ թվաց, թե քաղաքապետը գիշերներն աշխատելու հանձնարական տալով ուղղակի ուզում է պատկերավոր  ներկայացնել իր խոսքը, սակայն քիչ անց Սամվել Բալասանյանը նորից կրկնեց գիշերները աշխատելու իր հանձնարարականը` նշելով, որ գիշերային ժամերը հարմար են, մեքենաները չեն կայանի, տրանսպորտը չի աշխատի և հարմար կլինի ցեխերը մաքրելը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Нона says:

    Ինչ ասեմ, թե այս տեմպով քաղաքապետարանը գործեց, կվերադառնանք քարե դար… Արդեն 1,5 տարի է այնտեղ որոշում են աղբը /զիբիլը/ ինչպես են հավաքելու, ասֆալտը անելու են թե չե, չայկա մակնիշի մեքենան ով և ինչու է գնել, քաղաքապետարանի աշխատողներից ովքեր են շփվում Վ.Ղուկասյանի հետ և նրանք իրավունք ունեն մտնելու քաղաքապետարան թե ոչ, որ փողոցն է ավելի ցեխոտ /թվում է թե, եթե թաղման չգնաին, չէին իմանա, որ փողոցները ահավոր վիճակի են/:
    Հասկացանք, Գյումրի քաղաքը դարձավ Մշակույթի քաղաք, որը շատ ողջունելի է և վերջապես դա այդպես էլ պետք է լիներ: Սակայն դա չի նշանակում, որ աշխատելու փոխարեն դերասանություն պետք է անեն, ժողովուրդի երեսին թոզ փչեն, դատարկ, ծիծաղելի խոստումներ և սպառնալիքներ հնչեցնեն: Ուշքի եկեք, եթե չեք կարող, ասեք, հարցնելը ամոթ չէ…….

  2. Karlen says:

    Էդ որ մեռելտունն է ընդունել Բալասանյանին, հանդուրժել նրա ներկայությունը? սուտ է ասում, ինքը մեռել տուն գնա, իրան ընտեղից դուրս կենեն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31