Այսօր որոշվեց, որ մարտի 28-ին ՀՀ քրեական եւ վերաքննիչ դատարանում կշարունակվի տուժողի իրավահաջորդի բողոքի քննությունը:
Տուժողի ներկայացուցիչը պահանջում է բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Նշան Գևորգյանի վերաբերյալ 23.12.2013թ. դատավճիռը` Արտաշես Սեդրակյանի մահվան դրվագի մասով և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Նշան Գևորգյանին դատարանը ճանաչել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով և 315 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով դատապարտել էր ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով դատապարտել էր ազատազրկման 4 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ` դատարանը հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Նշան Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ էր սահմանել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Կիրառվել էր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին ՀՀ ԱԺ-ի 2013թ. հոկտեմբերի 03-ի որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը և Նշան Գևորգյանն ազատվել էր պատժի կրումից:
Կարդացեք նաև
Արդարացվածը Արմավիր բժշկական կենտրոնի տնօրենն է եղել, նա ըստ գործի նյութերի, իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: 2010թ. հուլիսի 17-ին իմանալով նույն օրը ժամը 17:05-ին Արմավիր ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնի հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն նա հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հ.Հովհաննիսյանը մահացել է:
Նա ընկերության շտապ օգնության ծառայության ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, ինչի հետեւանքով 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադան բենզին չունենալու պատճառաբանությամբ Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատների հեռախոսականչով, հիվանդ Վ.Խլղաթյանի առողջական վիճակին սպառնացող վտանգի պարագայում նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել և դրա հետևանքով հիվանդը մահացել է:
Ըստ մեղադրանքի կողմի, ԲԿ-ն չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով ու երբ Արմավիրի ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, Ն.Գևորգյանի կողմից թույլ տրված կազմակերպչական բնույթի թերության պատճառով անզգուշորեն առաջացել է հիվանդի մահ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ