Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ»-ի ծրագրի շնորհանդեսը:
Սկսած 2006- 2007 թվականներից՝ ամեն տարի կառավարության կողմից տրամադրում է 20.000.000 դրամի գործիքներ երաժշտական դպրոցներին: Պետպատվերով սովորող տաղանդավոր երեխաներին՝ մրցույթի միջոցով տրվում են երաժշտական գործիքները: Գործիքները տրամադրվում են երաժշտական դպրոցների տնօրեններին, սակայն պայմանագրում հստակ նշվում է, թե ում պետք է փոխանցվի այն:
«Գործիքները տրվում են անվանական, այսինքն՝ պայմանագրում կոնկրետ նշվում է երեխայի անունը: Սակայն գործիքը տրվում է մեկ տարվա ժամկետով: Եթե մեկ տարվա ընթացքում երեխան նույնչափ տքնաջան է աշխատում, որքան գործիքը ստանալու ժամանակ, ապա պայմանագիրը երկարաձգվում է, հակառակ դեպքում՝ գործիքը վերցվում է և տրվում այն ուսանողին, որն առավել շատ է աշխատել: Այդ պատճառով էլ ծրագիրը կոչվում է շրջանառու, քանի որ գործիքները պտտվում են լավագույն երեխաների մոտ»,-ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Կարդացեք նաև
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ»-ի միջոցով, որը նպաստում է երեխաների կրթության աջակցությանը: «Մրցույթի լսումներում ընդգրկվել էին մասնագետներ, որոնք էլ բացահայտել են լավագույն երեխաներին: Եվ հենց այդ երեխաներին էլ տրամադրվելու են գործիքները», ասաց հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ