2014 թվականի մարտի 14-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատարանի նախաձեռնությամբ նշանակվող լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությանն առաջադրվող հարցերի վերաբերյալ կողմերին դիրքորոշումներ ու առաջարկներ ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու նպատակով:
Դատական նիստին ներկայացել էին գործով ներգրավված մեղադրողը, ամբաստանյալները և նրանց պաշտպանները: Տուժող կողմը՝ Հայկ Խաչատրյանի հայր, գործով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչը կրկին չէին ներկայացել դատաքննությանը, սակայն դատարան ներկայացրել էին գրավոր դիրքորոշում՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու դատարանի առաջարկի վերաբերյալ: Վերջիններս հայտնել էին, որ դատարանի կողմից առաջադրված հարցերը չեն կարող պարզաբանվել փորձաքննության միջոցով:
Գործով մեղադրողը և ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպանը հայտնեցին, որ դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ որևէ այլ հարց կամ առաջարկ չունեն, իսկ Մինաս Մկրտչյանի պաշտպանը դատարան ներկայացրեց միջնորդություն երկու մասնագետի փորձաքննությանը մասնակից դարձնելու մասին, ինչպես նաև դատարան ներկայացրեց համաշխարհային մասնագիտական գրականությունից մի շարք նյութեր՝ խնդրելով դրանք հանձնել փորձաքննություն իրականացնող հանձնաժողովին:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածով, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակի 2014 թվականի մարտի 25-ին, ժամը 17:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ