Ռուսաստանը ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվականների կայքեր է արգելափակել մարտի 13-ին, այդ թվում՝ Սերգեյ Նավալնիի և Գարի Կասպարովի առցանց տարածքները: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի դատախազությունը կարգադրել է փակել երկրի իշխանություններին քննադատող Սերգեյ Նավալնիի բլոգի և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի առցանց թերթի մուտքերը, ինչպես նաև երկու այլ կայքերի՝ ej.ru-ի և grani.ru-ի:
Մարտի 12-ին պաշտոնից ազատել էին lenta.ru լրատվականի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյին:
Ej.ru-ի («Եժեդնվենիյ Ժուրնալ») խմբագիր Ալեքսանդր Ռիկլին այս քայլը «հրեշավոր» է որոկել և համարում է՝ այն «ազատ խոսքի իրավունքին հասցված ուղիղ հարված է» ու նշել, որ չգիտի, թե ինչու են արգելափակել իրենց կայքը:
Կարդացեք նաև
Նավալնիի խոսնակ Աննա Վենդուտան Թվիթերի իր էջում գրել է. «Սա լրատվական դաշտը մաքրելու քաղաքական հերթական քայլերից է»:
Այդուհանդերձ, Մոսկվան հերքում է, որ լրատվական դաշտում գրաքննություն է իրականացնում:
Ռոսկոմնադզորից (ՌԴ ԶԼՄ-ների վերահսկման մարմին) հայտնել են, որ Նավալնիի բլոգը խախտում էր նրա տնային կալանքի պայմանները: Մյուս երեք կայքերի արգելափակելը պատճառաբանել է, որ նրանք «անօրինական գործողությունների և սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումների կոչ են պարունակում»:
Մասնագետների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նման քաղաքականությունը կապված է Ղրիմում ստեղծված իրավիճակի հետ: «Լենտա.ռու»-ն հայտնել է, որ մարտի 12-ին Ռոսկոմնադզորից նկատողություն էին ստացել Ուկրաինայի «Պռավիյ Սեկտոր» աջ արմատական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշի հետ արած հարցազրույցի համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ