Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Թվիթերի» իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին մեղադրել է այն բանում, որ նա իբր թաքուն պայմանավորվածություն ունի հայկական կողմի հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az կայքը:
«Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումներից երեւում է, որ նա հայերի հետ որոշակի պայմանավորվածություն ունի: Երեւում է, որ հակամարտության հարցով նրանց դիրքորոշումները համընկնում են: Քեթրին Էշթոնը (Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար.- Ո.Ս.), գտնվելով Իրանում, այցելել է Նոր Ջուղայում գտնվող հայկական եկեղեցի: Հավանաբար, տիկին Էշթոնը խոսք է տվել, որ բոլոր երկրներում կայցելելի հայկական եկեղեցիներ, որտեղ դրանք կան»,-գրել է Նովրուզ Մամեդովը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ