Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քավոր Հարութի հակասական հայտարարությունը. «Ես ոչ կրակոց եմ լսել, ոչ էլ մարդ եմ տեսել, ոչ էլ գիտեմ՝ ով է կրակել»

Մարտ 14,2014 18:00

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ սկսվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ նրա դեմ քրեական գործ հարուցվեց անցած տարվա ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցների պատճառով: Հիվանդանոց տանելու ճանապարհին հրազենային վնասվածքից մահացավ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահը՝ Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է Շեկո անունով և վիրավորվեց պատգամավորի նույն հորեղբոր երեխաների կնքահայրը՝ Հարություն Խաչատրյանը՝ «Քավոր Հարութը»:

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բավական լարված մթնոլորտ է եղել. ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից, խստացրել է հսկողությունը, ոստիկանական«հրեշտակները» շրջագայել են դատարանի շենքի դիմաց: Դատական նիստին ներկա են եղել Վարդան Ղուկասյանի ու նրա որդու ողջ շրջապատը՝ Սպարտակի գլխավորությամբ, իսկ ԱԺ պատգամավորի մերձավորները կանգնել են դատարանի դահլիճից դուրս:

Դատը տևել է մոտ 2,5 ժամ: Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը ընթերցել է մեղադրանքը, Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34/104 հոդվածի 6-րդ մասով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով: Ըստ առաջադրված մեղադրանքի, Վահե Ղուկասյանի ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից ապօրինաբար շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով փորձել է կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին; Վահե Ղուկասյանը, ըստ մեղադրանքի, ապրիլի 23-ին իր նպատակը իրագործելու համար Վարդանանց հրապարակից հետապնդել է Հարություն Խաչատրյանին ու Արտյոմ Կարապետյանին, հասնելով Շիրակացի փողոցի «Ցածր գներ» խանութի դիմաց, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով առնվազն 3 անգամ կրակել է Հարություն Խաչատրյանին; Սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր մտադրությունը, քանի որ Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն , դուրս գալով «Մերսեդես» մակնիշի մեքենայից, իր ընկերոջը Հարություն Խաչատրյանին ու նրա դստերը պաշտպանելու նպատակով «Մակարով» տեսակի հրազենից կրակ է արձակել: Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը չի դադարեցրել կրակահերթը, փոխադարձ կրակոցներ են արձակել, որի արդյունքում Վահե Ղուկասյանը թեթևակի վնասվածքներ է ստացել հետնամասում, իսկ Հարություն Խաչատրյանին ու Արտյոմ Կարապետյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և Արտյոմ Կարապետյանը մահացել է:

Դատախազի՝ մեղադրանքը ընթերցելուց հետո, ամբաստանյալ Վահե Ղուկասյանը հայտարարել է, որ իր դեմ առաջադրված ամբողջական մեղադրանքը չի ընդունում, ինքը ընդամենը զենք է կրել, այսինքն` ընդունում է միայն իրեն առաջադրված 235 հոդվածի 1-ին մասը, այն է` ապօրինի զենքը կրելն ու պահելը: Դատարանը լսել է տուժող կողմին, նշենք, որ Շեկոյի կինը դատարան չի ներկայացել, դատարան չի եկել նաև քավոր Հարութի կինը:

Քավոր Հարութը այնպիսի մի ցուցմունք է տվել, որ ամբողջապես հակասել է նրա տված նախաքննական ցուցմունքին: Քավոր Հարութը պատմել է, որ դեպքից մեկ օր առաջ իր «Մերսեդես» մակնիշի մեքենան տրամադրել է Շեկոյին, քանի որ վերջինս հյուրեր է ունեցել դրսից ու պիտի տաներ ման տալու: Ապրիլի 23-ին քավոր Հարութը զանգահարել է Շեկոյին, քանի որ միասին պիտի տեղ գնային: Քավորը պատմել է, որ գնացել են սպորտդպրոց, որտեղ պիտի տեսնին Շեկոյի ֆուտբոլիստ տղային, այնուհետ պիտի գնային Գյումրու թիվ 7-րդ դպրոց՝ իր դստերը դասից վերցնելու, հետո պիտի գային իրենց տուն՝ կնոջը վերցնելու ու Անի թաղամաս իր եղբոր տուն գնալու: Քավոր Հարութի պատմելով, չհասած իրենց տուն՝ դուստրը մտել է խանութ պաղպաղակ գնելու, այդ ընթացքում ինքը զգալով , որ լավ չէ՝ ուշագնաց է եղել: Հետո մինչև ուշքի է եկել, տեսել է , որ Շեկոն ընկած է , սկսել է աղջկան ման գալ: «Գմփգմփոց լսեցի, կոմպրեսատորի գմփգմփոցն էր ու ուշագնաց եղա: Ես չեմ պատկերացրել, որ ինձ կրակեն. ես կյանքումս ոչ մեկին վնաս չեմ տվել, ոչ էլ գիտեմ՝ ով է կրակել, ես ոչ կրակոց եմ լսել, ոչ էլ մարդ եմ տեսել»,- հայտարարել է քավոր Հարութը:

Սա զարմացրել է թե դատախազին, թե դատավորին: Դատավորը հետաքրքրվել է, թե ինչից է ուշաթափվել քավորը, որին նա պատասխան պատասխանել է.«Դե ուշաթափվեցի էլի , ձեռքս ցավեց՝ ուշաթափվեցի, էդ ժամանակ չգիտեի ինչ էր եղել»:

Դատախազը հայտարարել է, որ տուժողը հակասական ցուցմունք է տալիս ու հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը, համաձայն որի , նա ասում է, որ կրակոցներ է լսել, թե չի հիշում քանի անգամ են կրակել ու աղջկան գոռացել է՝«Քնարիկ, փախի»: Շեկոյին տեսել է մեքենայի կողքին ընկած, որն ասել է՝ օգնի ինձ, ինձ կրակել են, քավոր Հարութը Շեկոյին հորդորել է վազել մոտակա շենքի մուտք, Շեկոն հորդորել է զանգել շտապօգնություն: Քավոր Հարութը զանգել է ընկերոջը՝ Կամոյին, որն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրն է, նա էլ եկել, իրենց տարել է հիվանդանոց:

Դատավորը քավոր Հարութից հետաքրքրվել է, թե ո՞վ է գրել նախաքննական ցուցմունքը: Քավոր Հարութը պատասխանել է, որ իր փոխարեն գրել է քննիչը, քանի որ իր ձեռքը վնասված էր: Դատավորի այն հարցին, թե դու չե՞ս ընթերցել, տուժողը պատասխանել է, որ ինչ ինքը պատմել է քննիչը գրել է, բայց վատառողջ է եղել ու չի ընթերցել:

Դատը հետաձգվել է ՝ նշանակվելով մարտի 19-ին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31