Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ կառավարության նոր օրինագիծը` ՀՀ-ի համար ժողովրդագրական լուրջ ճգնաժամի առիթ

Մարտ 14,2014 17:30

ՌԴ կառավարությունը Պետական դումա է ներկայացրել նոր օրինագիծ, որի համաձայն` քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է նախատեսում ռուսալեզու քաղաքացիների համար:

Նոր օրինագծի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից:

Այս օրինագծի հաստատումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: Վտանգներ կան, որ շատ անձինք, ովքեր աշխատում են Ռուսաստանում կամ ցանկանում են այնտեղ հաստատվել, կամ պարզապես աշխատանքի բերումով ցանկանում են ՌԴ ելումուտն ավելի դյուրացնել, պարզապես հնարավոր է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից:

Gevorg_Pogosyan

Aravot.am-ը ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանից հետաքրքրվեց` նոր օրինագիծը կնպաստի՞ ՀՀ-ից արտագաղթին, կամ կխորացնի՞ մեր երկրում ժողովրդագրական ճգնաժամը: Նա պատասխանեց. «Այստեղ երկու գործընթաց պետք է տարանջատել: Արդեն ՌԴ-ում գտնվող ժամանակավոր կեցությամբ հայերը, որոնք հնարավոր է, որ վերադառնային երեք ամսից, հետո նորից գնային, նրանք այդ օրենքի ընդունումից հետո հնարավոր է միանգամից քաղաքացիություն վերցնեն ու դառնան ՌԴ քաղաքացի: Մեզ համար առաջին հարվածը կամ վտանգը կլինի այն, որ արդեն այնտեղ գտնվող հայերը դրանից կօգտվեն: Կարծում եմ, որ ՌԴ-ում գտնվող հայերի 70, ՀՀ-ում բնակվող հայերի 30 տոկոսը կօգտվեն այդ օրենքից: Ուստի դա զգալիորեն ոչ թե կավելացնի արտագաղթը, այլ ՌԴ-ում կամրապնդի այն հայերին, որոնք մի քանի տարի առաջ էին մեկնել, ու դրանց վերադարձը և վերամիավորումը Հայաստանի հետ կդառնա ոչ ռեալ»:

Մեր այն հարցին` վտանգ չկա՞, որ այդ անձինք, հաստատվելով ՌԴ-ում, հետագայում այնտեղ կտանեն նաև իրենց ընտանիքներին, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Միշտ էլ այդպես է. նրանք գնում, տեղափոխվում են, հետո ընտանիքների անդամներին են տանում»:

Իսկ թե ինչ կարող է անել ՀՀ կառավարությունը, ժողովրդագրական ճգնաժամը մեղմելու համար, պարոն Պողոսյանն ասաց. «Մեր կառավարությունը գոնե պետք է այնպես անի, որ այստեղ պայմաններն այնպես փոխի, որ մարդիկ չձգտեն գնալ: Նույն բանը, որ ՏՏ ոլորտի համար արվեց, որ երեք տարով նորաստեղծ կազմակերպություններին հարկերից ազատեցին, դա կարելի է անել մանր ու փոքր բիզնեսի համար: ՌԴ մեկնող մարդիկ հիմնականում շինարարներ են, նրանց համար պետք է նման պայմաններ ստեղծել, որ չձգտեն գնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31