Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դպրոցի բուֆետը թալանած Սուրիկ Խաչատրյանի ծնողները խնդրում էին հորս միջամտի, որ պատիժը մեղմ լինի»

Մարտ 14,2014 17:02

«Սուրիկ Խաչատրյանի հերթական սուտն է, թե իր «լիցկա» մականունը ստացել է իրենց թաղի մի ծեր մարդուց իր ակտիվության համար, ինչպես ինքն է ասում` «լիցքավորված տղա» լինելու համար»,- Aravot.am-ին վստահեցնում է Գորիսի 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

«Մականունը վաստակել է առաջին անգամ ազատազրկվելու ժամանակ` կալանավայրում: Մականունը լիսա բառից է` աղվեսիկ, աղվեսուհի: Ամենաճիշտը այդ անվան ստուգաբանությունը տվել է արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը: Ըստ նրա, լիսա նշանակում է թուխս գողացող աղվես, այսինքն` ամենախորամանկ աղվեսն է լիսկան»,- պատմեց պարոն Հարությունյանը:

Ըստ նրա, Սուրիկ Խաչատրյանը իրենից երկու տարով է կրտսեր եւ ինքը Սուրիկ Խաչատրյանին պատանեկության տարիներից է ճանաչում. « Նրա ծնողները Գորիսի «Ավանգարդ» կոլտնտեսությունում են աշխատել, հետագայում այն դարձավ սովխոզ: Հայրը անասնապահ էր, մայրը երկար տարիներ կթվորուհի է եղել: Այդ հայտնի տնտեսության ղեկավարներից մեկը եղել է իմ հայրը: Եվ լավ հիշում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը առաջին անգամ` 1972 թվականին, դատապարտվեց դպրոցի բուֆետի պարունակությունը գողանալու համար: Նրա ծնողները եկան մեր տուն եւ խնդրեցին, որ մեծ հեղինակություն ունեցող հայրս միջամտի, որ Սուրիկ Խաչատրյանին ավելի մեղմ պատիժ տան: Նրա ծնողները մի քանի անգամ են մեր տուն եկել, եւ հայրս ինչ-ինչ դեպքերում նաեւ միջամտել է` չմտածելով, թե ինչպիսի արտասովոր քրեական ընթացք է ունենալու Սուրիկ Խաչատրյանը»:

Ինչ վերաբերում է shamshyan com –ին  տված հարցազրույցում իրեն դպրոցում եւ տեխնիկումում գերազանցիկ համարող Սուրիկ Խաչատրյանի առաջադիմությանը, պարոն Հարությունյանը մի քանի փաստեր ներկայացրեց.

«Դպրոցի բուֆետի պարունակությունը հափշտակելու համար Սուրիկ Խաչատրյանը հեռացվեց դպրոցից, ազատազրկվեց: Նա հայտնի էր` որպես ամենավատ առաջադիմություն ունեցող աշակերտ: Հետո 8-րդ դասարանի կրթության վկայականի հիման վրա, նրան հաջողվեց ընդունվել Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը, որտեղ կատարեց 2-րդ հանցագործությունը: Պողպատյա տռոսով հարվածեց արցախցի ուսանող Կարմեն Առուստամյանի աչքին, թափեց ուսանողի աչքը, զրկեց նրան մեկ աչքից եւ մինչեւ հիմա Կարմենի մի աչքը պրոտեզավորված է»:

Պարոն Հարությունյանը լավ գիտի նաեւ Սուրիկ Խաչատրյանի կողմից բռնաբարված թրքուհու պատմության մասին. Այն, ըստ նրա, իսկապես եղել է, որքան էլ Սուրիկ Խաչատրյանն փորձի հերքել կամ պարզապես փորձեն ներկայացնել հայրենասիրական նկրտումներից կատարված բռնաբարություն. «Այդ դեպքը տեղի է ունեցել 1980-ականների սկզբին: Նա ատամնատեխնիկ էր, զուբնիկ էին ասում, եւ ադրբեջանցիների ատամներն էր նորոգում Լաչինի, Կուբաթլուի շրջաններում: Ամուսնացած լինելով, ունենալով հայ կին, երկու աղջիկներ, իբրեւ թե սիրահարվում է թուրք աղջկա, առեւանգում է նրան, բռնաբարում: Խորհրդային Ադրբեջանի իրավապահները գալիս են, թեւերը ոլորում , տանում ու դատապարտում են: Պատիժը կրել է սկզբում Շուշիի, հետագայում` Բաքվի բանտերում»:

Ուկրաինայում սեփական կլինիկա ունենալու Սուրիկ Խաչատրյանի պնդումներին անդրադառնալով` պարոն Հարությունյանը վստահեցրեց` կրկին սուտ է. «Այսինքն, շատ անվանի ակադեմիկոսներ խորհրդային տարիներին չէին կարող մասնավոր կլինիկա ունենալ, բայց ստացվում է այնպես, որ Լիսկան ունեցել է եւ օրական էլ մի քանի հազար ռուբլի աշխատել: Ուկրաինայի Զապորոժիեի տարածաշրջանում ի թիվս բազմաթիվ գորիսեցի զուբնիկների, Սուրիկ Խաչատրյանն , իսկապես, եղել է եւ որոշ գումար վաստակած կլինի, բայց իր չարամիտ խուլիգանի բնավորությունն այն ժամանակ էլ կարող էր օգտագործել եւ բռնաճնշումների միջոցով խլել այս կամ այն ատամնատեխնիկի ինչ-ինչ միջոցներ: Ես մոտ 20 տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ Սուրիկ Խաչատրյանին տեսել եմ 1990 թվականին, չեմ էլ ճանաչել, ինձ ասացին Լիսկան է: Նոր էր վերադարձել Ուկրաինայից, առաջարկեց գնենք Ադրբեջանից բերված մի խալի թանգարանի համար, այն ժամանակ ես Գորիսի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչն էի, բայց մերժեցի նրա առաջարկը: Մինչեւ 90-ականների կեսերը, նա ունեցել է երկու սենյականոց բնակարան եւ մեկ ժիգուլի հին մեքենա: Հետո 1991 թվականին նա հափշտակեց Գորիսի «Ավանգարդ» տնտեսության տնօրենի ծառայողական վոլգա -24 մեքենան եւ մի քանի տարի դա վարեց. Կարծեմ, տնտեսության տնօրենը բողոքել էր իրավապահներին, բայց այդպես էլ չկարողացավ հետ ստանալ մեքենան: Սուրիկ Խաչատրյանը հարստացել է, իր միլիոնները դիզել 90-ականներին մեր հայրենիքից, մանավանդ ազատագրված տարածքներից թալանած հսկայական միջոցների հաշվին , իսկ հետագայում օգտագործել է Գորիսի քաղաքապետի, Ազգային ժողովի 3 ընտրաշրջանների պատգամավորի եւ Սյունիքի մարզպետի պաշտոնները: Պաշտոնական դիրքը չարաշահելով` մեր ժողովրդից, հայոց պետությունից թալանել է ավելի քան 200 միլիոն դոլար ֆինանսական միջոցներ եւ այլ կարողություններ»:

Ինչ վերաբերում է իր ընտանիքի` իր ոճով ու իր ձեւով դաստիարակված լինելուն, պարոն Հարությունյանն ասաց. «Ոչ միայն իր ընտանիքի անդամները, իր որդիները` Տրդատ եւ Տիգրան Խաչատրյանները, այլեւ իր գերդաստանի արական սեռի բոլոր անդամները այս 24 տարիների ընթացքում ամեն ինչ արել են` ապացուցելու, որ Լիսկայի արժանի ազգականներն են` ամեն կերպ փորձելով նմանվել Լիսկային, բայց նրա ազգականներից ոչ ոքի չի հաջողվել հասնել կամ անցնել արտասովոր քրեական հանցագործ Սուրիկ Խաչատրյանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31