Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը եւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հանրահավաք կանցկացնեն (Տեսանյութ)

Մարտ 14,2014 15:43

«Դեմ եմ» շարժումը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների անդամների հետ այսօր քննարկել է մարտի 22-ին անցկացվելիք հանրահավաքի կազմակերպչական հարցեր: Այդ մասին քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը: Նա ասաց, որ հանրահավաքն անցկացվելու է ոչ իշխանական չորս խմբակցությունների մասնակցությամբ: «Կուսակցությունները չեն լինելու, լինելու են խմբակցության անդամները, մենք համագործակցում ենք խմբակցությունների հետ, որովհետև ի սկզբանե ձևաչափն սկսվել է այդպես: Խորհրդարանում ներկայացված խմբակցությունները սպասարկում են մեր շահերը»,- ասաց բանախոսը:

Գևորգ Գորգիսյանն ասաց, որ հանրահավաքը քաղաքական ենթատեքստում չի անցկացվելու, երբեք նման հարց չի բարձրացվել. «Մենք միշտ նույն ձևաչափով ենք աշխատել, «Դեմ եմ» շարժումը համագործակցում է չորս խմբակցությունների հետ, որոնք ի դեպ, այդ հարցով դիմել են Սահմանադրական դատարան և այնտեղ ներկայացնում են մեզ: Սա քաղաքացի և քաղաքական ուժեր համագործակցություն է, մենք չենք քաղաքականացվել, քաղաքացիական ոլորտում ենք շարունակում մեր պայքարը: Քաղաքական ուժերը կարող են մեզ աջակցել, կարող են չաջակցել»:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ փարատելով ակցիաներին քաղաքական աստառ տալու մտահոգություններն ասաց, որ խորհրդարանը ներկայացուցչական օրենսդիր մարմին է, որտեղ աշխատում են քաղաքացիների ներկայացուցիչները. «Մենք փողոցում օրինական ձևով անում ենք մեր բողոքը, բայց միայն փողոցը չէ բողոքի հարթակը: Կա նաև քաղաքական կառույց, օրենսդիր ներկայացուցչական կառույց, որտեղ պետք է քաղաքացու ձայնը հասնի: Հիմա այդ ձայնը հասցնողներն այս դեպքում պետք է լինեն խմբակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում, դա նաև նրանց գործն է: Ինչո՞ւ չպետք է խոսել մարդկանց հետ, ովքեր մեր ներկայացուցիչներն են խորհրդարանում»:

Նրա խոսքով՝ այլ հարց է նախաձեռնության նկրտումները, որոնք քաղաքական չեն, քանի որ նախաձեռնության անդամներն իշխանության չեն ձգտում:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի այն հայտարարությանը, թե քաղաքական ուժերն ուղղորդում են «Դեմ եմ» շարժմանը, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ես այնքան ուրախ եմ, որ նման լուրեր են տարածվում, նշանակում է՝ վախենում են ուժից: Երբ ուժը կա, պետք է անմիջապես պառակտում տարածել, իսկ պառակտելու ամենահեշտ ձևն ուղղորդման պիտակներ կպցնելն է: Այդ պիտակները սկզբում էլ են եղել, հիմա դրանք ակտիվացել են: Ինչքան ակտիվանում են, այնքան հավաստում է, որ մենք իսկապես մեր համախմբվածությամբ ուժ ենք մեզանից ներկայացնում, այնպես որ, նախարարը եթե կարծում է, որ ուղղորդված ենք, թող մնա իր կարծիքին: Այո, մենք ուղղորդված ենք, ուղղորդված ենք ՀՀ քաղաքացու շահերով»:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ եթե Սահմանադրական դատարանը չկասեցնի պարտադիր բաղադրիչը, պայքարը շարունակվելու է. «Պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև լուծվի պայքարի խնդիրը՝ դա պարտադիր բաղադրիչի կասեցնումն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31