Հայաստանում գործող 3 օպերատորները`«Ղ-Տելեկոմը», «ԱրմենՏելը», եւ «Օրանժ Արմենիան» բաժանորդներից գումար են գանձում չմատուցած ծառայության համար: Այս առնչությամբ, ինչպես արդեն գրել էինք, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) էին դիմել սպառողներն ու «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպությունը, որի ներկայացուցիչն այսօր հանձնաժողովում ներկայացրեց խնդիրը:
Հ/կ-ի ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի խոսքերով` բաժանորդները, որոնք ամիսներով չեն օգտվել այս օպերատորների շարժական ինտերնետից, քանի որ չվճարելու պատճառով այդ ծառայությունն անջատված է եղել, բայց օպերատորները շարունակել են պահանջել չմատուցած ինտերնետի ամսական վճարներ:
Այսօր ՏՄՊՊՀ նիստում ներկայացվեց վարույթի ընթացքում ուսումնասիրության արդյունքները, ըստ որի, պարզվել է, որ այս օպերատորները համաձայն իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են դրույթ, որը հնարավորություն է տալիս բաժանորդներից գանձել գումարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ինտերնետ ծառայություն չեն մատուցել, ընդ որում, այս մասին պայմանագիրը կնքելուց սպառողներին պատշաճ չեն ներկայացրել:
Իսկ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, ծառայությունները կասեցվելու դեպքում կասեցվում են էլեկտրոնային հանրային հաղորդակցությունների մատուցումն ու դրա հետ կապված վճարումներ կատարելու պարտավորությունները: Հանձնաժողովի նիստում նաեւ նշեցին, որ բարդություններ են առաջանում կնքված պայմանագրերը բաժանորդների կողմից միակողմանի լուծելու դեպքում. կասեցման ժամանակահատվածը արհեստականորեն երկարացվում է, որի հետեւանքով գումարներ են գանձվում սպառողներից: Ընդ որում, օպերատորներն օգտվել են այն առիթից, որ օրենսդրության մեջ չկա ամսավճար եւ բաժանորդավճար սահմանումը, ուստի նրանք իրենց այդ խախտումները հիմնավորել են, իբր ինտերնետ ծառայություն չեն մատուցել, բայց այդ պահանջվողգումարները բաժանորդավճարներն են:
Կարդացեք նաև
ՏՄՊՊՀ-ն խիստ նախազգուշացում արեց 3 օպերատորներին եւ հանձնարարեց խախտումները վերացնել:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դիտարկումը`
Նշենք, որ նիստի ընթացքում հայտարարվեց նաեւ, որ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն որը ներկայացնում է «Վեստա» էլեկտրոտեխնիկայի վաճառքով զբաղվող խանութների ցանցը, տուգանվեց 15 միլիոն դրամով` օրենքի խախտման եւ անբարեխիղճ մրցակցության համար: Այս ընկերությունն իր գովազդներում սպառողներին վստահեցրել է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիպս», «Պանասոնիկ» եւ այլ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ, մինչդեռ «Վեստան» ընդամենը առեւտրային ներկայացուցիչն է:
Ընդ որում, «Վեստան» դեռեւս չի էլ ապամոնտաժել այն գովազդային վահանակը, որի վրա նշված են համաշխարհային բրենդերն ու «Վեստան»` որպես պաշտոնական ներկայացուցիչ:
Այս առնչությամբ, Արտակ Շաբոյանի դիտարկումները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ