Սպառողների իրավունքների միջազգային օրվան ընդառաջ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Տեսակետ» մամուլի ակումբում ներկայացրեց Հայաստանում սպասարկման ոլորտի դրական եւ բացասական կողմերը:
Նա համոզված է, որ սպառողը պետք է ունենա նվազագույն գիտելիքներ. «Նա անջատիչը միացնում է, պետք է լույսը վառվի, ծորակը բացում է, ջուրը պետք է հոսի: Մնացածը իրեն չպետք է հետաքրքրի, դա նորմալ երեւույթ է: Իսկ մնացածի համար գոյություն ունեն դրանք կարգավորող մարմիններ, որոնք պետք է զբաղվեն սպառողի խնդիրներով»:
Պրն Պողոսյանը պնդում է, որ հաճախ անտեսվում են սպասարկման ոլորտում դրական տեղաշարժերը. «Ես վստահաբար ասում եմ, որ վերջին 15 տարիների ընթացքում մեր սպասարկման կուլտուրան անհամեմատ բարձրացել է: Սննդի որակը, նույնպես, անհամեմատ բարձրացել է»: Պրն Պողոսյանը օրինակ է բերում, որ մի քանի տարի առաջ պատշաճ կերպով մակնշված ձու դժվար թե հնարավոր լիներ խանութներում գտնել. «Հիմա հակառակն է, փորձեք մի տեղ չմակնշված ձու գտնել: Չկա այդպիսի բան»:
Սակայն, նա նշում է, որ բացասական կողմերը սպասարկման ոլորտում չափազանց շատ են: Առանձնացնում է տրանսպորտի անմխիթար վիճակը, սննդամթերքի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց իրավիճակները:
Կարդացեք նաև
«Մեր ահազանգերը չեն ստանում ադեկվատ պատասխաններ: Ցանկացած սպառողի կողմից ահազանգ պետք է արձանագրվի եւ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն: Բոլոր ահազանգերը պետք է սիստեմավորվեն եւ առանձնացվեն»: Նրա խոսքերով՝ մեր օրերում, իրենց իրավունքները պաշտպանելու համար, շատ քչերն են դիմում դատարան. «Տարվա կտրվածքով մոտ 45 դատ՝ չափազանց քիչ է»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ