«Կա մեկ արտահայտություն, որ պացիենտները շփոթում են` խռմփոցը առողջ երեւույթ չէ եւ լուսնոտությունը հոգեկան հիվանդություն չէ, այն եւս քնի խանգարման տեսակ է, որտեղ պետք է ուշադրություն դարձնել ոչ այնքան իր առողջության վրա ազդեցությամբ, որքան վտանգներով, քանի որ անձը այդ ժամանակ պատասխան չի տալիս իր արարքների համար եւ կարող է իրեն վնասել»,-այսօր, քնի համաշխարհային օրվա առիթով, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» նախագահ Սամսոն Խաչատրյանը «Զարկերակ» մամուլի ակումբում խոսեց քնի կարեւորության, խանգարումների եւ օգտակարության մասին: Ըստ նրա, մարդիկ քնին այնքան էլ կարեւորություն չեն տալիս, մինչդեռ պետք է ավելի ուշադիր լինեն քնի որակի եւ ռեժիմի հանդեպ, քանի որ մեր կյանքի մեկ երրորդ ժամանակը մարդիկ տրամադրում են քնին: Ըստ քնի մասնագետի, այն չի կարելի հաշվել վատնած ժամանակ, քանի որ քունն էլ ակտիվ գործնթաց է, որի ընթացքում ֆիզիոլոգիական գործառույթներ են տեղի ունենում մեր մարմնում, որի միջոցով վերականգնվում է հիշողությունը եւ ամրապնդվում այն:
«Քնի նորման համարվում է 6-8 ժամը, բայց ինչքան էլ անհատական լինի քնի նորման` 5 ժամից քիչ քնողների մոտ, ըստ հետազոտությունների ավելի բարձր է հիվանդության եւ մահացության ռիսկերը»,-ասաց պարոն Խաչատրյանը, ավելացնելով, որ կրճատ քունը կամ անքնությունը կապված են ճարպակալման , զարկերակային գերճնշման բարձրացման, շաքարային դիաբետի ռիսկերի հետ: Իսկ թե քունը ինչ պատճառներով է խանգարվում` պարոն Խաչատրյանն ավելացրեց եւս մի քանի պատճառ` քնի շնչառական խանգարումները, որը բացի խռմփոցից, կարող է նկատվել շնչադադարներ, դա մեկ այլ շատ տարածված խնդիր է որը կոչվում է թթվածնային քաղց:
Ըստ Սամսոն Խաչատրյանի, պետք է ուշադիր լինել քնի հիգիենային` պահպանել քնի ռեժիմը, մարզասրահ չհաճախել ուշ ժամերի, մեծ քանակի սնունդ չնդունել քնելուց առաջ, հետեւել միջավայրի հանգստությանը, լուսավորությանը:
«Շատ կարեւոր է անկողինը կապել քնի եւ սեռական ակտիվության հետ, ոչ թե գիրք կարդալու, հեռուստացույց դիտելու, սնունդ ընդունելու եւ այլ ակտիվությունների հետ»,-նշեց բանախոսը: Նա ներկայացրեց նաեւ Հայաստանում անքնությամբ տառապողների տոկոսային ցուցանիշը, որը հասնում է 40-ի, նշելով, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում անքնությունը դառնում է մտահոգիչ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ