ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար հարց է՝ «ընդդիմությո՞ւնն է այլընտրանք դառնում, թե՞ այլընտրանքը ընդդիմություն, բայց ոնց որ թե առաջինն է, սա պարզ երեւում է»: Այդ իսկ պատճառով նա դեռեւս չի ուզում խոսել չորս ուժերի հանդիպումների, կառավարության հրաժարականի հավանական պահանջի մասին. «Դեռեւս քննարկումների փուլում են, յուրաքանչյուր գործիչ տարբեր կարծիքներ է փոխանցում… Դրա համար՝ հաստատուն գաղափար պիտի լիներ, նոր փորձեին համաձայնությունների գալ»: Գ. Սահակյանն ասում է, որ իրենք՝ իշխանությունը կողմնակից է, որ «մարդիկ միասնական հանդես գան, մեր սկզբունքն է եղել միշտ՝ ամեն ինչ անել, որ մասնակցեն գործընթացներին՝ թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանությունները»:
Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, եւ մասնավորապես Տիգրան Սարգսյանին այլ վարչապետով փոխելուն՝ Գալուստ Սահակյանը վստահ է. «Հենց նոր վարչապետի անուն տան՝ մեջները էլի կռիվ է ընկնելու»:
Չնայած ընդդիմության մեջ, ըստ Գ.Սահակյանի, տարբեր գաղափարների եւ տարբեր որակների մարդիկ են, այդուհանդերձ, նա ասում է, որ ընդդիմությանը պետք է «քնքուշ վերաբերվեն, որ մի բան ստացվի»: «Երկիրը պիտի ընդդիմություն ունենա: Ընդդիմությունը կամ ինքը պետք է ձեւավորվի կամ մյուսներին ճանապարհ տա: Դա այնքան անհրաժեշտ է, որքան քաղաքական իշխանությունը»,-ասում է Գալուստ Սահակյանը, բայց սրտնեղած նկատում, որ «անհատներ կան, որոնք հրճվանքով ուզում են արդյունքներ գրանցել, թե իրենց հակառակորդ կամ մրցակից կողմը ինֆարկտի է հասնելու»:
Անդրադառնալով իրենից առաջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ասած մտքին, որ պատգամավորների աչքերին նայելով զգում է, որ ՀՀԿ-ից բեկորներ են պոկվելու եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ասածին, որ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ն էլ միանա չորս քաղաքական ուժերին, դառնա հինգերորդը եւ միասին փոփոխություններ անեն, ասաց.«Սաղ աշխարհը ուզում է մեզ միանալ: Այդ ուժերի մեջ կան, որ ժամանակին մեծ մասը միացել էր մեզ, ինչի՞ գնացին, որ հիմա էլ աղերսներ են ուղարկում, որ միանանք: Աչքերին նայելով պետություն չեն ստեղծում, պետք է հոգիները մաքրեն»:
Եվ վերջում, գալուստսահակյանաբար ասաց, որ ընդդիմությունը «թազա վեպեր» է ուզում գրի՝ «Գովք հիմարության», որի բովանդակությունը կլինի՝ «հեռացեք իշխանություն, մենք ենք գալիս իշխանության»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գալուստենց ,,թազա վեպ,,-ն էլ կոչվում է ,,Ախոռաբանությունը որպես ուղիղ ճանապարհ,,….
Բովանդակությունն էլ` ,,եթե ընդդիմությունը ռիսկի դիմի` Ադրբեջանը կհարձակվի…..
Երևի Ալիևի հետ ադաշ-վաթանդաշ են :