Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընկերությունը չունի բավարար ռեսուրսներ խնդիրները վերացնելու համար». «Երեւան Ջուր» ընկերության «արեւելք» շահագործման տնօրեն

Մարտ 14,2014 14:21

«Երեւան Ջուր ՓԲԸ»-ի «արեւմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը, «արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը եւ իրավաբանական եւ հաճախորդների սպասարկման տնօրեն Արտակ Մալխասյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հորդորեցին քաղաքացիներին հաջորդ ձմռան համար պատրաստվել նախօրոք՝ ջրի հետ կապված հնարավոր դժվարություններից խուսափելու համար:

Կարապետ Օհանյանը նշեց, որ այս տարի վերջին տարիների համեմատ եղել է աննախադեպ ցրտաշունչ ձմեռ եւ արդյունքում՝ շատ հատվածներում եղել են ջրամատակարարման հետ կապված խնդիրներ. «Մոտ 50-60 շենքերում մենք ունեցանք ջրազրկման եւ խողովակների սառեցման խնդիրներ՝ անգամ 24-ժամյա ջրամատակարարման պայմաններում»: Նրա խոսքերով՝ խնդիրը լուծելու համար՝ «Երեւան Ջուր» ընկերությունը վերագործարկել է պահուստային հանդիսացող «Արարատյան» եւ «Շորշորի» պոմպակայանները ՝ քաղաք ջրամատակարարվող ջրի քանակը ավելացնելով մոտ 700լ/վրկ:

Բանախոսները, հաջորդ տարվան ընդառաջ, համատիրություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հորդորեցին ջերմամեկուսացնել նկուղային հարկերն ու ջրամատակարարման ներքին ցանցերը, իսկ անհատական տնատիրություններին՝ կառուցել իրենց ջրագծերը Հայաստանի բնակլիմայական պայմանների հիման վրա հաշվարկված շինարարական նորմերին եւ կանոններին համապատասխան:

Արտակ Մալխասյանի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի ջրամատակարարման հետագա բարելավման նպատակով՝ 2013 թվականի հուլիսի 19-ին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի եւ ՀՀ պետական մարմինների միջեւ ստորագրվել է 3 համաձայնագիր, որով նախատեսվում է 7-ական մլն դոլար արժողությամբ 3 նոր ծրագիր իրականացնել: Այդ միջոցների շնորհիվ հնարավոր կլինի ջրամատակարարման բաշխիչ ցանցի 150 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների վերականգնում եւ 30 նոր բակային պոմպակայանների կառուցում իրականացնել: Հնարավոր կլինի փոխարինել անհատական տներում տեղադրված 39.000 ջրաչափեր, ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնվող հատվածներում ջրի կորուստները նվազեցնել 50 տոկոսով, իսկ վթարների թիվը՝ 80 տոկոսով:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31