Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը հրահանգել էր «Օվիրի» տարածքի տեսքը կառույցներով չաղավաղել

Մարտ 14,2014 14:30

Բայց Դավիթաշեն համայնքի պատասխանատուները չդիմացան ազատ տարածքների գայթակղությանը եւ ձեւը գտան՝ տաղավարների թույլտվություն տալու:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նոր շենքի բացման արարողությանը մասնակցելու ժամանակ, որը գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանում, շրջելով շենքի հարակից տարածքում՝ քաղաքային եւ թաղային իշխանություններին հրահանգեց «Օվիրի» տարածքում որեւէ շինարարություն թույլ չտալ, կանաչապատել եւ չաղավաղել վարչության շրջակա տեսքը բազմազան ծառայություններ մատուցող օբյեկտներով: Սակայն նախագահը ոտքը քաշելուն պես՝ չանցած որոշ ժամանակ «Օվիրի» վարչական շենքի տարածքում շինարարական եռուզեռ սկսվեց: Վարչական շրջանի պատասխանատուները չկարողացան դիմանալ ազատ տարածքների գայթակղությանը եւ ձեւը գտան այդ տարածքում սպասարկման օբյեկտի թույլտվություն տալու: Արդեն քանի օր է՝ անձնագրային եւ վիզաների վարչության նոր շենքի աջ հատվածում գործում է նոտարական թարգմանությունների, XEROX-ի եւ այլ ծառայությունների նոր գրասենյակ: Այն մեկհարկանի է, գետնին կիպ կպած:

«Առավոտի» տեղեկություններով՝ գրասենյակի կառուցման թույլտվությունը վարչական շրջանում ձեւակերպված է որպես շարժական կառույց, այսինքն՝ հարցեր առաջանալու դեպքում հանրապետության նախագահին հեշտ ու հանգիստ կզեկուցեն, որ այդ հատվածում ոչ մի շինթույլտվություն էլ չկա, եւ որ կառույցը քարաշեն չէ՝ պարզապես թեթեւ կոնստրուկցիաներով տաղավար է:

Ժամանակավոր կառույց լինելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմից՝ ասելով, որ օբյեկտը քարաշեն չէ, եւ որ այն ունի տեղադրելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Դավիթաշենցիների խոսքերով՝ տաղավարի կողքից արդեն ինչ-որ քարե-բետոնե աշխատանքներ են ընթանում եւ արդեն, որպես տաղավարի շարունակություն, կառույցներ են ուրվագծվում: Ըստ ամենայնի, տաղավարի տերը ընդլայնում է տարածքը: Բացի այդ, կողքի տարածքը հարթեցվել է, որպեսզի շահագործվի որպես վճարովի ավտոկայանատեղի:
Նշենք, որ «Օվիրը» Դավիթաշեն համայնք էր տեղափոխվել Մաշտոցի պողոտայից, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ այդ նոր տաղավարի տերերը նույն ծառայություններով նախկինում բիզնես ծավալել են «Օվիրի» հին վայրին հարակից տարածքում: Այսինքն՝ անձնագրային եւ վիզաների վարչության շենքի հետ միասին այն նույնպես տեղափոխվել է Դավիթաշեն համայնք:

Դավիթաշենցիների խոսքերով՝ շուտով ժամանակավոր տաղավարների անվան տակ «Օվիրի» տարածքը մաս-մաս «կսեփականաշնորհեն», իսկ հանրապետության նախագահին էլ կվստահեցնեն, որ դրանք ընդամենը շարժական կառույցներ են եւ ցանկացած պահի կարող են եւ այդտեղ չլինել: Թե ինչպես է գետնին կիպ կպած կառույցը համարվում շարժական կամ թեկուզ ժամանակավոր, այն էլ բետոնե լիցքով ամրացրած՝ դա դեռ այլ հարց է, սակայն հարցը ոչ թե անշարժի կամ շարժականի մասին է, այլ շենքի հարակից տեսքը չփչացնելու, չաղավաղելու, հատկապես, որ համանման ծառայություններով գրասենյակներ տարածքում արդեն կան, եւ այնպես չէ, որ քաղաքացիները ստիպված էին լինելու նոտարական կամ թարգմանչական ծառայություններից օգտվելու համար կիլոմետրեր կտրել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31