Այն պարագայում, եթե Ազգային ժողովը չցրվի, ի՞նչ իմաստ ունի կառավարության հրաժարականը, չէ՞ որ նոր կառավարություն ձեւավորողը դարձյալ ՀՀԿ-ն է լինելու: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս հարցին պատասխանեց հեռանկարային՝ ինչ կառավարություն էլ որ ձեւավորվի՝ ՀԱԿ-ը դրա մեջ չի մտնելու. «ՀԱԿ-ը չի լինի նոր կառավարության մեջ, եթե կորոշեն, որ գնում են նման քայլի, մենք չենք խառնվի, բայց դա ամենաանհավանական սցենարն է, որովհետեւ Սերժ Սարգսյանը չի գնա այդ քայլին»:
«Մեր նպատակը որեւէ մեկին աղբանոց ուղարկելը չի, մեր նպատակը ընտրովի իշխանություն ձեւավորելն է, մենք չարությամբ չենք լցված, մենք դրականով ենք գալիս, կառուցողական մոտեցում ունենք, ուզում ենք լավ կլինի, մենք սիրում ենք այս երկիրը»,-այսպես պատասխանեց Արամ Մանուկյանը «Ա1+»-ի լրագրողի հարցին, թե՝ ցանկանում են քաղաքական աղբանո՞ց նետել ՀՀԿ-ին:
Ապա շարունակեց թվարկել իր եւ իրենց ցանկությունները՝ «ես թշնամի չեմ, մենք որեւէ մեկի միսն ուտելու ցանկություն չունենք», միայն շեշտեց, որ «հայ ժողովրդին օդուջրի պես անհրաժեշտ են արդար ընտրություններ»:
Պարզվում է, ՀԱԿ խմբակցության քարտուղարը գերբնական ունակություններով է օժտված՝ իր ելույթների ժամանակ աչքերով զգում է դահլիճի տրամադրությունները. «ՀՀԿ-ում տատանումներ կան: Մեր երկու տարվա խորհրդարանական աշխատանքը արդյունք է թողել: Ես իմ ամեն ելույթի ժամանակ աչքերով զգում եմ, ինչպես հիմա՝ ձեզ (լրագրողներին-Մ.Բ.) նայելով եմ զգում, թե ով է ինձ համակրում, ով՝ ոչ, ով է ապակե հայացքով նայում… ԱԺ դահլիճում, երբ թասիբի գցելու կոչեր եմ անում, աչքերով զգում եմ, որ մարդկանց արձագանքը (նկատի ունի ՀՀԿ-ական պատգամավորներին) մեծամասամբ դրական է, ուղղակի գտնվում են լուրջ ճնշման տակ եւ չեն կարող քվեարկել իրենց ուզածով»:
Կարդացեք նաև
Սակայն նա հույս ունի, որ «կգա ժամանակը եւ նրանք չեն կատարի Բաղրամյան 26-ի հրահանգը», ավելին, ՀՀԿ-ից կշարունակեն բեկորներ պոկվել: Սակայն նա կոնկրետ տեղեկություն չունի այդ «բեկորների» մասին. «Մենք կոնկրետ ինֆորմացիա չունենք, մենք կոնկրետ աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Շարունակելով սիրո թեման՝ ՀԱԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ եթե երբեւէ ՀՀԿ-ն ուզի արդար ընտրություններ անցկացնել, ՀԱԿ-ը միայն կողջունի, եթե երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերների դեմն առնելու համար Սերժ Սարգսյանը որոշի ռեֆորմներ անել, ինչն, ըստ նրա, անհավանական է, ապա ՀԱԿ-ը դա էլ կողջունի. «Դուք կարծում եք, որ մենք Տիգրան Սարգսյանին չե՞նք սիրում կամ կարծում ենք, որ չի՞ կարող աշխատել, ոչ, հարցը համակարգային է»:
Իսկ համակարգային ասելով՝ նա նկատի ունի հետեւյալը. «Եթե Սերժ Սարգսյանը անի այդ բոլոր բարեփոխումները, եթե Սամվել Ալեքսանյանը դառնա շարքային հարկատու, եթե արաղները որակյալ դառնան…»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ