Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հարկային արտոնություններ տրամադրելու որոշմամբ կառավարությունը փորձում է մեղմել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ առաջացած դիմադրությունը, որի հիմնական կորիզը հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են: ՏՏ ոլորտում նախատեսվող քայլերն, ըստ ոլորտի ներկայացուցիչների ու վերլուծաբանների, ուղղակիորեն առնչվում են հասարակական դժգոհության ալիքի հետ:
«Հայաստանում ստեղծված այս լարված մթնոլորտից զգուշանալու նպատակով իշխանությունը փորձում է ինչ-որ քայլերով մեղմել մարդկանց ընդվզումը: Դա զուտ իրենց պայքարի ձեւն է ընդվզող մարդկանց դեմ»,- «Մեդիալաբին» ասում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Հայկ Ավետիսյանը, ով ՏՏ ոլորտի ներկայացուցիչ է:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում կառավարությունը հավանություն էր տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին:
Այս եւ «Շահութահարկի մասին» ու «Եկամտային հարկի մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով ՏՏ ոլորտի սկսնակ (IT start-ups) ձեռնարկությունները որոնք ունեն ոչ ավելի, քան 15 աշխատող, կազատվեն պետական շահութահարկից, իսկ եկամտահարկի ֆիքսված դրույքաչափը նրանց համար կկազմի 10 տոկոս: Նախատեսվում է նաեւ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին դրամաշնորհներ ու տեխնիկական աջակցություն տրամադրել:
Կարդացեք նաև
«Եթե անգամ նման օրենք ընդունվի, ապա որեւէ երաշխիք չկա, որ այն նույն ձեւով չի կարող հետ կանչվել»,-«Մեդիալաբին» ասում է Հայկ Ավետիսյանը:
Ակտիվիստի խոսքով, կառավարության այս նախաձեռնությունը ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի շարժման ռազմավարությունն ու պահանջները չի փոխի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի նրանց որպես կենսաթոշակ:
Նոր համակարգը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության տարբեր շերտերի ու ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ: Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի շարժումն սկիզբ առավ ՏՏ ոլորտի աշխատակիցների բողոքով, այնուհետեւ դարձավ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնություն, որն ընդգրկեց տարբեր ոլորտների տասնյակ հազարավոր ներկայացուցիչների:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում