ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` իրենց միջնորդական առաքելությունն իրականացնելու հարցում թերանալու մեջ մեղադրանքների պակաս չի զգացվում, հատկապես, երբ նրանց այցելությունները տարածաշրջան հաճախակիանում են, իսկ արդյունքը որևէ կերպ տեսանելի չէ:
Սակայն ակնհայտորեն ինչ-որ բան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են անել ներկա դրությամբ, այն էլ այնպիսի մի իրավիճակում, երբ թվում է, թե ուկրաինական իրադարձությունների ֆոնին աշխարհում մնացյալն այնքան էլ կարևորված չէ: Ըստ էության` բոլոր մակարդակներում, տարբեր քննարկումներից առաջ ու հետո խոսում և դատում են Ուկրաինայի, Ղրիմի ու դրանց առնչվող հարցերի մասին, ավելին, ղարաբաղյան համատեքստում ևս:
Սրան ուշադրություն է դարձվում նաև համանախագահների մակարդակով, քանի որ օրերս ամերիկացի համանախագահն հիշատակում էր արել թվիթերյան իր միկրոբլոգում, թե մտահոգություններ կան ուկրաինական իրադարձությունների ֆոնին ղարաբաղյան գոտում լարվածության մեծացման առնչությամբ:
Խոսքը, սակայն, այդ մասին չէ, այլ համանախագահների կողմից իրապես դիտվող մի ակտիվության, որ փորձում է դրսևորել ԵԱՀԿ Մինսկի խումբը` ակնհայտորեն նախապատրաստելով կողմերին ինչ-որ նոր` «կազանյան» հանդիպման, որն այդպես էլ հաջողության չհասավ 2011-ի հունիսին:
Կարդացեք նաև
Փետրվարի 22-ից մինչև մարտի 11-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը հանդիպումների շարք ունեցան նախ Փարիզում, ապա Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Արանքում էլ ամերիկացի դիվանագետը հասցրեց լինել Թուրքիայում և Շվեդիայում` քննարկելու ղարաբաղյան հարցը: Թե ինչ համատեքստում և ինչ հիմքերով` դեռ հստակ չէ, սակայն պարզ է, որ Մինսկի խումբը անցել է բազմաճակատ գործունեության:
Մարտի 12-ին Մոսկվայից համանախագահները մամուլի հաղորդագրություն են տարածել տեղեկացնելով, որ հաջորդ ամիս կրկին այցելելու են տարածաշրջան` բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ խոսք չկա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոտակա հանդիպման մասին, որի առնչությամբ թվիթերյան իր միկրոբլոգում դեռևս մարտի 11-ին հույս էր հայտնել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի դիվանագետը նշել էր, թե հույս ունեն, թե մարտին կլինի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Բայց քանի որ պաշտոնական հայտարարության մեջ նշվում է համանախագահների` ապրիլին տարածաշրջան այցի մասին, ստացվում է, որ նախագահների հանդիպումը կրկին անհայտ ժամանակով հետաձգված է:
Այդ պարագայում թեև ողջունելի է Ուորլիքի թվիթերյան ակտիվությունը, որ որոշակի պատկերացում կարող է տալ իրադարձությունների ոչ առաջնային, բայց էլի կարևոր տարրերի մասին, միևնույն ժամանակ, ցույց է տալիս, որ զուտ դիվանագիտական արտահայտություններ են նախորդ հաղորդագրությանը հետևած հայտարարությունները:
Մասնավորապես, Ուորլիքը նախագահների հնարավոր հանդիպման մասին նշելուց հետո գրառում է արել, թե Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկումները եղել են արդյունավետ, որին հետևեց հայտարարությունն արդեն Ադրբեջանից, թե հայկական կողմն ապակառուցողական է, իսկ «Ադրբեջանը պատրաստ է համակողմանի հաշտության պայմանագրի ստորագրմանը»: Թե ինչ պայմանագիր նկատի ունեն Ադրբեջանում, գուշակելու հարց է, քանի որ անգամ սկզբունքներն համաձայնեցված չեն:
Ամեն դեպքում, նույն ամերիկացի դիվանագետի թվիթերյան հաջորդ գրառումը կարծես արձագանքում է Ադրբեջանի ԱԳՆ անհեթեթ հայտարարությանը: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանն, ըստ Ուորլիքի, հաստատվել է, որ Հայաստանը խաղաղ կարգավորման է ձգտում:
Եղած տեղեկատվության հիման վրա կարելի է եզրակացնել, որ նախագահների մակարդակով հանդիպման հետաձգված բախտի տերը Ադրբեջանն է, որտեղ ապակառուցողական են որակում մի մոտեցում, որն համանախագահ Ուորլիքը համարում է «ձգտում խաղաղ կարգավորմանը»:
Հերթական անգամ…
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ