Բուհերում շախմատի զարգացման գործընթացը խթանելու նպատակով`«Ռոստովի շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի առաջարկով մարտի 12-ից ԵՊՀ-ի հյուրերի տանը մեկնարկել է «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային միջհամալսարանական թիմային բաց անդրանիկ մրցաշար-օլիմպիադան:
Մրցաշարին մասնակցում են Հայաստանից 7, Ռոստովից 2, Դոնեցկից 1 համալսարան: Մրցաշարը կավարտվի մարտի 15-ին` Շախմատի տանը:
Նշենք, որ երկու համալսարանները համագործակցում են 2007 թվականից: Երեկ Ռոստովի պետական շինարարական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին շնորհվեց Ռոստովի պետական շինարարական համալսարանի, իսկ ՃՇՀԱՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ ռեկտոր Վլադիմիր Վագինին՝ ՃՇՀԱՀ պատվավոր դոկտորի կոչում:
Երեկ երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ռոստովի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակներում կայացավ նաեւ «ՌԻՍԻՅԱՆԵ» ժողովրդական համույթի համերգը, որին ի թիվս այլոց ներկա էր Ռոստովի պետական շինարարական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր՝ Վլադիմիր Վագինի գլխավորությամբ, շախմատի կենդանի լեգեն Ռաֆայել Վահանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Համերգը, որին իրենց երաժշտական, պարային եւ երգի կատարումներով մասնակցեցին հայ եւ ռուս ուսանողները, անցավ ջերմ մթնոլորտում: Ռուսական կողմը պարային բազմաթիվ համարներով հանդես եկավ, մի չքնաղ շախմատային պար էլ նվիրեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր պարոն Թոքմաջյանին, իսկ բաբաջանյական պոպուրի՝ հայ հանդիսատեսին: Հուզիչ էր նաեւ ռուս ուսանողների հայերեն երգը:
Միջոցառման ժամանակ Վլադիմիր Վագինը նշեց, որ Ռոստովում բավականին հայեր կան, նաեւ կատակեց, որ նման հզոր ներուժի պարագայում, մի քիչ ջանալու դեպքում, կարող են առաջ անցնել հայաստանցիներից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ