Երբ անցած աշուն Շանթ Հարությունյանն Ազատության հրապարակում նստացույց սկսելով` իր հեղափոխության մասին ազդարարեց, քչերը լուրջ վերաբերվեցին Շանթի էդ հեղափոխությանը: Ավելի ճիշտ, Շանթի հեղափոխությանը լուրջ վերաբերվեցին բացառապես նրանք, ովքեր միացան նրան: Իսկ երբ Շանթն ու նրա հատուկենտ համախոհները չափազանց ռոմանտիկ, բայց նույնքան կոնկրետ գործողություններ ձեռնարկեցին, և երբ ոստիկանները Շանթին ու ընկերներին տարման ենթարկեցին, շատերն ուղեղները շարժելով` փորձեցին ըմբռնել Շանթի «հեղափոխության» էությունը:
Շանթին ու նրա ընկերներին առաջինը հասկացավ հասարակ ժողովուրդը, որը Շանթին ու ընկերներին իբրև հերոսներ պատկերացրեց: Այնուհետև Շանթի ու ընկերների մասին միանգամայն լուրջ արտահայտվեցին նախկին քաղբանտարկյալներն ու քաղաքական գործիչներից ոմանք:
Այսինքն, Շանթի աննախադեպ ու հույժ քաղաքական գործողությունը ոչ միայն անհեթեթ ու անիմաստ չէր, այլև լրջորեն մտածելու առիթ ու պատճառ հանդիսացավ, ընդ որում` ոչ միայն հասարակությանն ու ընդդիմադիր քաղգործիչներին ստիպեց մտածել, այլև` իշխանություններին ու իշխանամետներին, ու երևի դա էր պատճառը, որ իշխանությունը ձեռ քաշեց Շանթին հոգեկան հիվանդ ներկայացնելու մտքից:
Շանթի բողոքի ու ընդվզման մեջ յուրաքանչյուրն իր բողոքն ու իր ընդվզումը տեսավ, և չնայած Շանթն իր նստացույցի ու իր հեղափոխության ընթացքում բացառապես քաղաքական թեմաներ էր շոշափում, Շանթին ամենից լավ հասկացողն ու ամենից բարձր գնահատողը հասարակ ժողովուրդն էր, որը Շանթի ընդվզման մեջ առաջին հերթին սոցիալական բողոք տեսավ և շատ էլ ճիշտ արեց, որովհետև Շանթ Հարությունյանն ինչքան էլ իր խոսքին քաղաքական ուղղություն տար, ակնհայտ զգացվում էր, որ Շանթին նաև անձամբ իր և մեր ժողովրդի սոցիալական ծանր ու անհուսալի վիճակն էր հեղափոխական տրամադրության ու գործողությունների մղել, դրան էլ գումարած` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը, որի հանդեպ տոհմիկ դիսիդենտ ու տոհմիկ անկախական Շանթն ի վիճակի չէր անտարբերություն հանդես բերել:
Կարդացեք նաև
Չնայած Շանթի հանդեպ համակրանքին, Շանթի ծննդյան տարեդարձի առթիվ Ազատության հրապարակում կազմակերպված հավաքին հասարակ ժողովուրդը ներկա չէր, ավելի ճիշտ` հասարակ ժողովրդի հատուկենտ ներկայացուցիչներ էին ներկա. նրանք` ովքեր սովորաբար բոլոր հավաքներին են ներկա լինում:
Տարեդարձին ներկա էին հիմնականում Շանթի նեղ շրջանակի համախոհներն ու ընկերները, ազգականներն ու խորհրդային ժամանակների քաղբանտարկյալները: Ինչպես նաև` ԱՄԿ-ի հիմնադիրներից Ստեփան Զատիկյանի որդին` Վրեժ Զատիկյանը, որի մասին քչերը գիտեին և Շանթի հետ կապված իրադարձությունների ընթացքում իմացան:
Եվս մի տոհմիկ անկախական ու քաղաքական, որն ԱՄՆ-ի իր փափուկ կյանքը թողնելով` որոշել է վերադառնալ հայրենիք և, ըստ ամենայնի, զբաղվել քաղաքականությամբ: Իր հարցազրույցից արդեն գիտենք, որ ինքը ոչ միայն իր հորով է հպարտ, այլև պաշտում է իր հարազատ քեռուն` Պարույր Հայրիկյանին:
Բայց վերադառնանք Շանթին: Շանթ Հարությունյանը` քաղկալանավոր Շահեն Հարությունյանի որդին, վաղուց իր քաղաքական գերդաստանի շարունակողն է: Ավելին. շատերը հենց Շանթի շնորհիվ իմացան Շահեն Հարությունյանի մասին, և շատերս Շանթի շնորհիվ իմացանք, որ Շանթի պապն էլ է «քաղաքական» եղել, և Շանթի շնորհիվ ու Շանթի պատճառով ահա Շանթի որդի Շահենն էլ է քաղաքական հորձանուտում հայտնվել: Այսինքն, Հարությունյան գերդաստանի ավանդույթները շարունակվում են:
Բայց վերադառնանք մեզ: Մեզանից շատերն են համակրում Շանթին, որովհետև մեզանից շատերը Շանթի մեջ իրենք իրենց են տեսնում, իսկ ավելի ճիշտ` Շանթի պոռթկման ու ընդվզման մեջ իրենց իսկ պոռթկումն ու ընդվզումն են տեսնում: Բայց, այսուհանդերձ, հենց Հարությունյան Շանթն էդ ինքնատիպ ու աննախադեպ հեղափոխությունն արեց, այլ ոչ թե` շատերից մեկ ուրիշը, որովհետև շատերից ուրիշները ոչ միայն վեհերոտ են, այլև քաղաքական պայքարի բավարար փորձ չունեն, ինչպես նաև` դիսիդենտական ու քաղաքական գերդաստանից չեն սերում:
Այսինքն, Հարությունյան Շանթը հեղափոխություն արեց ոչ միայն իր, այլև` ուրիշների անունից և ուրիշների փոխարեն: Այսինքն, գրականագիտական լեզվով ասած, Հարությունյան Շանթը միանգամայն հավաքական կերպար է:
Եվ բոլոր նրանք, ում անունից և ում փոխարեն պոռթկացել, ընդվզել, շանթահարել ու շանթահարվել է Շանթը, պարտավոր են մտածել նրա ու նրա ընկերների մասին:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ