Հատված պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույից:
-Թերեւս Եվրամիությունը, օգտվելով նրանից, որ Ռուսաստանի «գլուխը խառն է» ուկրաինական խնդիրներով, փորձում է արագացնել Արեւելյան գործընկերության վերակենդանացումը:
-Մեզ համար կարեւորն այն է, որ Եվրամիությունը ուզում է Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնել, եւ մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք: Ասեմ նաեւ, որ Արեւելյան գործընկերության ծրագրի ամբողջ գաղափարը հետեւյալն է. ԵՄ-ն ցանկանում է ունենալ կանխատեսելի, անվտանգ, նաեւ բարեկեցիկ հարեւաններ, ինչը կնպաստի նաեւ իր անվտանգությանն ու բիզնես ծրագրերի իրականացմանը:
Հարց է առաջանում. ինչո՞ւ պետք է Ռուսաստանը խանդով վերաբերվեր բարեփոխումների այն փաթեթին, որը ԵՄ-ն ներկայացրել էր ԱլԳ անդամ երկրներին։ Մի՞թե Ռուսաստանը չի ցանկանում իր կողքին ունենալ կայուն, հզոր, կանխատեսելի հարեւաններ, որոնք կարող են միմյանց հետ նորմալ համագործակցել: Իհարկե ցանկանում է, բայց ամեն ինչ փոխվեց, երբ Եվրամիությունը սկսեց վարել այլ քաղաքականություն, ու Արեւելյան գործընկերությունը վերածվեց ԵՄ աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդմանն ուղղված պայքարի:
Տեսեք, Ուկրաինան դեռեւս երկու տարի առաջ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Վիլնյուսում նա ընդամենը պետք է վերջնաստորագրեր: Այս փաստը հաստատում է, որ երկու տարի առաջ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվել այս գործընթացին, քանի որ տնտեսական առումով ՌԴ-ն չուներ մտավախություն:
Հիմա էլ բերեմ մեկ այլ օրինակ: Եվրամիությունը հայտարարեց, որ պատրաստ է մոլդովական գինիները ցանկացած քանակով ներմուծել եվրոպական շուկա՝ մոռանալով իր իսկ կողմից սահմանված եվրոստանդարտների մասին: Սա զուտ քաղաքական որոշում էր: Այս օրինակը փաստում է, որ այդ պահից ԵՄ-ն փոխեց իր քաղաքականությունը:
-Այսինքն՝ Ռուսաստանի, այսպես ասած, խանդը շարժվեց այն պահին, երբ նրա համար հասկանալի դարձավ, որ իր հարեւան երկրներում Եվրոպան աշխարհաքաղաքական նոր խաղ է սկսել` ԱլԳ-ն օգտագործելով որպես գործիք:
-Այո, եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները, դեսպանները սկսեցին հայտարարել, թե «եւ…եւ»-ի քաղաքականությունն այլեւս չի աշխատելու։ Նրանք առաջ քաշեցին միայն «կամ…կամ»-ի քաղաքականությունը, ինչն էլ սրեց Ռուսաստանի վերաբերմունքը Արեւելյան գործընկերության ու առաջարկվող փաթեթի հանդեպ: Եվրոչինովնիկներն իրենք փոխեցին մեսիջների բովանդակությունը, Ռուսաստանն էլ հանդես եկավ իր աշխարհաքաղաքական շահերի դիրքերից:
Կարդացեք նաև
-Դուք խորհրդարանում հայտարարեցիք, որ Հայաստանը Ուկրաինայի օրինակով պետք է ստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, մինչդեռ ԵՄ դեսպանը այդ առնչությամբ նկատել է, թե պետք չէ ՀՀ-ԵՄ հարաբերությունները համեմատել ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների հետ: Փաստորեն այս կերպ արտահայտելով իր անհամաձայնությունը:
-Ի՞նչ է նշանակում «պետք չէ համեմատել», մենք բոլորս Արեւելյան գործընկերության երկրներ ենք, ԵՄ դեսպանը նման միտք ասելով նկատի է ունեցել ԵՄ շահերը, բայց անկախ նրանից, թե եվրոպացիներն ի՞նչ կասեն, մենք պետք է ամեն կերպ առաջ մղենք մեր երկրի շահը:
Չպետք է «ամաչել», այլ պետք է ԵՄ-ի առաջ հարց դնել` ինչո՞ւ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել, իսկ Հայաստանի հետ` ոչ, այն դեպքում, երբ Հայաստանն այդ առաջարկն արել էր դեռեւս սեպտեմբերի 5-ին: Չէ՞ որ մեր երկիրը երկար ժամանակ է բանակցել, հասել կարեւոր փուլի, ավելին՝ այսօր էլ պատրաստակամ է կատարել քաղաքական բարեփոխումներ: Մենք պետք է այդ խնդիրը դնենք Եվրամիության առաջ, բանակցենք, պնդենք եւ հասնենք Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը, քանի որ այդ բարեփոխումները բխում են մեր երկրի շահերից:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում