«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությունը լրջորեն անհանգստացնում է իշխանությանը՝ չնայած վերջինիս «արտաքին լոյալ պահվածքին»: Որպես նման անհանգստության, տագնապի նմուշ՝ Ռ. Հակոբյանը նշեց մերձիշխանական ԶԼՄ-ների «հիստերիան». «Նրանք ոչ իշխանական քաղաքական ուժերին գոտկատեղից ներքեւ հարված են հասցնում»:
Նա նշեց, որ անկախ նրանից, թե ինչ ձեւակերպում կստանա ոչ իշխանական ուժերի պահանջը՝ ամբողջակա՞ն իշխանափոխություն կուզեն, կառավարությա՞ն հրաժարական, թե՞ ճանապարհային քարտեզ: Սակայն, անկախ նրանից, թե ի՞նչ պահանջ կդրվի, իշխանությունը, ըստ Ռ. Հակոբյանի, շատ լավ հասկանում է, որ այդ համագործակցության արդյունքում տեղի է ունենալու իշխանափոխություն:
«Խնդիրը հստակ է, որ վիճակ փոխելու համար համակարգային արմատական փոփոխություն է պետք»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, նկատելով, որ ճիշտ կլինի, եթե «իշխանությունն ինքը ճիշտ գնահատի իրավիճակը, դառնա հինգերորդ ուժը եւ միասնական օրակարգով իրականացնենք այն, ինչին ձգտում ենք»:
Այլընտրանքային ԲՀԿ-ին գնահատելով՝ Ռ. Հակոբյանն ասաց, որ մինչ այս պահը այդ ուժն իրեն դրսեւորում է որպես իսկական ընդդիմություն՝ «հետագայում չգիտեմ ինչ կլինի, բայց այս ընթացքում ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածքով է հանդես գալիս»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ