Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը Սամվել Ալեքսանյանից 5000 դոլար է վերցրել` «Փակ շուկայի» համար ցույցեր անելու համար

Մարտ 14,2014 11:51

«Մի սահման կա, որից այն կողմ ցանկացած մարդ կարող է բարոյական պոռթկում ունենալ, ինչպես ես հիմա»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչը դրդեց Սուրեն Սուրենյանցին բացահայտել այն, որ Փակ շուկայի վերակառուցման ժամանակահատվածում գործարքի է գնացել Սամվել Ալեքսանյանի հետ, այսպես պատասխանեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նշենք, որ Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,  որտեղ նշել է. «Ես մոտավորապես հինգ հազար դոլար եմ ստացել՝ Սամոյին ծառայելու համար, բայց հիմա չեմ լռելու, որովհետև վախենում եմ Երկրապահի ու Սամոյի գործարքից։ Վախենում եմ Եռաբլուրի համար ու ասում եմ, որ Եռաբլուրում հացադուլի կնստեմ՝ նոր շուկայացում կանխելու համար…»

Հիշեցնենք, որ Սուրեն  Սուրենյանցն ու Ռոբերտ Ահարոնյանը ղեկավարում էին այն ցույցերը, որոնք կազմակերպվում էին ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի, որը ցանկանում էր վերակառուցել Փակ շուկան` ի հեճուկս այն մտահոգությունների, թե պատմամշակութային հուշարձանի պահպանությունն է վտանգում:

Surenyanc

Սուրեն Սուրենյանցը մեզ հետ զրույցում վստահեցրեց. «Այդ գումարներն էլ ես կարող եմ որևէ մանկատան փոխանցել, որ ամեն ինչ նորմալ լինի: Ավելի լավ է մի օր քաղաքական գործիչը անկեղծ լինի ու մի մեծ ավեր կանխի: Եռաբլուրն ինձ համար այն արժեքն է, որ որևէ պարագայում սակարկելի չէ»:

Սուրեն Սուրենյանը նշեց, թե երկրապահի համագումարից հետո ինքը երկար մտածել է այս քայլին գնալ-չգնալու մասին ու շարունակեց. «15-20 օր մտածում էի` անե՞լ, թե՞ ոչ: Բայց քանի որ Երկրապահի համագումարից հետո, մի միտք ինձ հանգիստ չէր տալիս և քանի որ դա արդեն Փակ շուկա չէր, գնացի այդ քայլին: Վախենում եմ հնարավոր գործարքից, իսկ Եռաբլուրն ինձ համար անանց արժեք է: Ես չեմ լռելու: Նույնիսկ նախկին հարաբերությունները  հաշվի առնելով`ես վախենում եմ, որ Երկրապահի վարչությունում Սամվել Ալեքսանյանը ընդգրկվել է, քանի որ Եռաբլուրի հետ կապված բիզնես պլան ունի: Իսկ այդ պարագայում լռել չեմ կարող, քանի որ այնտեղ իմ ամենահարազատ մարդիկ են թաղված»:

Մեր հարցին` նախկին գործարքը չի՞ խանգարի պայքարել Եռաբլուրի համար, պարոն Սուրենյանցը պատասխանեց. «Բայց դա ի՞նչ կապ ունի, գործարքի մեջ եմ եղել, կոնկրետ գործողություն արել, և կոնկրետ գործարքի մեջ իմ արարքները շատ սխալ չեմ համարում»:

Սուրեն Սուրենյանցի հետ ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի կազմակերպվող ակցիաներն էր կազմակերպում նաև «Սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Aravot.am-ը նրա հետ զրույցում հետաքրքրվեց` արդյոք իրեն է՞լ է գումար առաջարկել և վարձատրել Սամվել Ալեքսանյանը: Նա պատասխանեց. «Ի տարբերություն և՛ Սուրենյանցի, և՛ Սամվել Ալեքսանյանի, ես լիբերալ չեմ, շուկայական հարաբերություններ չեմ ընդունում: Ես կոմունիստ, սոցիալիստ եմ, այս բրենդը կրում եմ 1991-ից, շուկայական հարաբերություններն ընդհանրապես մարդ ծառայության մեջ չեմ ընդունում: Ինչ վերաբերում է առաջարկին, ապա հիշում եք, ես այն ժամանակ էլ վերցրի խոսափողը և ասացի, որ ես  կխոնարհվեի Սամվել Ալեքսանյանի առաջ, եթե ինքը ժամանակին  գներ երիտասարդական պալատը և այն վերականգնված լիներ: Ես չեմ տեսել, որ ինքը ճարտարապետական խնդիրներ է առաջացրել այդ շենքի հետ կապված, դրա համար էլ ղեկավարել եմ այդ շարժումը Սուրենյանցի հետ, չնայած գաղափարապես հիմա էլ գլոբալ հարցերում դեմ եմ Սուրենյանցին և Ալեքսանյանին, իսկ օլիգարխներին ատելով ատում եմ: Իմ ու Ալեքսանյանի հարաբերությունները ընկերական չէին, ինչպես Սուրենյանցի և Ալեքսանյանի, որ ինքն ինձ նման առաջարկ աներ: Երևի թե տարիքային տարբերությունը և անցած ուղին կաշկանդում էր: Հիմա էլ պնդում եմ, որ Սամվել Ալեքսանյանը արել է ճիշտ գործողություն»:

Դառնալով Եռաբլուրի վերաբերյալ Սուրենյանցի բարձրացրած խնդրին ` Ռոբերտ Ահարոնյանն ասաց. «Եթե հարցը գնա Եռաբլուրին, ապա ես լրիվ դեմ կլինեմ այդ գործողություններին, կհամարեմ սրբապղծություն: Ու պատրաստ եմ Եռաբլուրում նրա հետ հացադուլի նստել` չնայած իմ և Սուրենյանցի գաղափարներում կան տարբերություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Նման բան չկա սուտ լուրերա սա Ռեստորանեին քցող Սուրենը հիմ էլ ուզում է Սամոյից փող աշխատի նույնը արեց ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի գլխին դրա համար մի հավատացեք Սուրենին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31