Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը, թեկուզ սահմանափակ ծավալով, այնուամենայնիվ կարողացել է իրականացնել իր «եւ-եւ»-ի քաղաքականությունը. «Հայոց աշխարհ»

Մարտ 14,2014 11:41

Կարծում ենք, Վիլնյուսից հետո առաջին անգամ Երեւանում տեղի ունեցած «Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքներ» համաժողովը կարեւոր էր այն առումով, որ նրա ընթացքում Եվրամիությունը հստակորեն հաստատեց Հայաստանին օգնելու իր հանձնառությունը։ Այսինքն՝ չնայած նրան, որ մեր երկիրը արագ տեմպերով իրականացնում է Մաքսային միություն մուտք գործելու միջոցառումներ, բայցեւ դուրս չի մնում Եվրամիության աջակցությանն արժանացող պետությունների շարքից։

Անկախ նրանից, թե անցած ամիսներին որքա՞ն է կրճատվել եվրոպական աջակցության չափը, միեւնույն է, Հայաստանը, թեկուզ սահմանափակ ծավալով, այնուամենայնիվ կարողացել է իրականացնել իր «եւ-եւ»-ի քաղաքականությունը։

Համաձայն մարտի 13-ի համաժողովում հրապարակված թվերի՝ Եվրամիությունն ու Հայաստանն արդեն ունեն շուրջ 100 պայմանագրեր (դրանց «գումարային կողմը»՝ 270 միլիոն դոլար)։ Դրանց շարքում առաջնային է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը գյուղատնտեսության, արդարադատության եւ մասնավոր ոլորտի զարգացման բնագավառներում։

Հասկանալի է, որ Եվրամիությունն ակնկալում է ավելին, մանավանդ քաղաքական գործակցության խորացման ասպարեզում։ Բնականաբար դրանից է կախված նաեւ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ծավալների մեծացումը։ Բայց չպետք է մոռանալ, որ որեւէ էական կորուստ չարձանագրելով աշխարհաքաղաքական դիմակայության բեւեռների միջեւ իր ներկա դժվարին ու բարդ բալանսավորման գործընթացում, Հայաստանը միաժամանակ լուրջ ակնկալիքներ ունի նաեւ Մաքսային միությանն անդամակցության տնտեսական հետեւանքներից։

Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո մեզ կարող են առարկել՝ վկայաբերելով տարածաշրջանում ու ողջ աշխարհում ուժերի հաշվեկշռի փոփոխության միտումները, մանավանդ «Մաքսայինի» անդամների որոշ տարաձայնությունները։ Չփորձելով անգամ հակաճառել նման պնդումներին՝ մենք էլ կմատնանշենք.

նախ՝ ո՞վ կարող է երաշխավորել, որ ուժերի հաշվեկշռի մեջ արձանագրվող տեղաշարժերն անդառնալի են եւ վերջնական,
երկրորդ՝ մարտի 13-ին Երեւանում տեղի ունեցած «Եվրամիություն-Հայաստան» համաժողովը վկայում է, որ Հայաստանը չի փակել իր դռները նման հնարավոր փոփոխությունների առջեւ,
Ամենակարեւորն այն է, որ, ի տարբերություն Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի, մեր երկիրը ոչ մի շոշափելի կորուստ չի ունեցել աշխարհաքաղաքական սուր դիմակայության բեւեռների միջեւ իր դժվարին ու բարդ բալանսավորման գործընթացում։ Միաժամանակ նրանցից յուրաքանչյուրի առջեւ իր դռները բացել է այն չափով, որչափ պահանջում են սեփական ազգային շահերը։ Իսկ եթե հետագայում այլ կերպ ընթանան զարգացումները, ապա Հայաստանը, որպես սուվերեն պետություն, կարող է կայացնել նաեւ համապատասխան որոշումներ։
Այնպես որ բարդ տարածաշրջանում գտնվող եւ հայ ժողովրդի ապագայի համար կյանքի ու մահվան նշանակություն ունեցող Ղարաբաղի հարցը հետապնդող երկրի համար Ռուսաստանի, Եվրամիության, Իրանի ու ԱՄՆ-ի շահերի բարդ թնջուկի մեջ սեփական տեղն ու դերն ապահովելու առաջադրանքի լուծումը մեկ քայլով եւ անփոփոխ պատկերացումներով վճռահատելու խնդիր չէ։
Երեւանում իր աշխատանքներն ավարտած «Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքներ» համաժողովը վկայում է, որ Ուկրաինայի վերջին իրադարձությունների պատճառով խիստ սրված Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության մթնոլորտում անգամ մեր երկիրը կարողանում է պահպանել լավ հարաբերություններ ոչ միայն իր ռազմավարական դաշնակցի, այլեւ նրա մրցակիցների հետ։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31