Կեղծ օգտատերերի, այսպես կոչված` «ֆեյքերի», միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածման դեմ պայքարի համատեքստում իրավահարաբերությունները կարգավորելու համար օրենսդրական նորմի կարիք չկա: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը:
Ըստ նրա, խնդիրը կարելի է և ավելի նպատակահարմար է կարգավորել դատական նախադեպով, որովհետև վերջինս շատ ավելի արագ և կոնկրետ գործով է կայացվում: Օրենսդրական ինչ նորմ էլ փորձ արվի ներմուծել՝ ըստ Ա.Ղազարյանի, հասարակական ընդվզումներ է առաջացնում լրագրողական համայնքում և դա շատ շուտ հնանում է, որովհետև խոսքը հարափոփոխ ինտերնետի մասին է:
Արա Ղազարյանը առաջարկում է կիրառել հետևյալ մոդելը` օրենքը չփոխել, որովհետև հնարավոր չէ ինտերնետի հետևից հասնել, այլ դրա փոխարեն օրենսդրական լայն դրույթներ պահել, որպեսզի դրա ներքո որքան հնարավոր շատ երևույթներ մտնեն և երբ որ կարիք է առաջանում, արդեն թույլ տալ, որ դատարանները դիրքորոշում արտահայտեն պարտադիր նախադեպային իրավունքով: «Վերջին 3 տարիներին մենք այդպես էլ անում ենք և, թվում է, թե ամեն ինչ լուծվում է, դաշտը նորմալ է, իսկ եթե ինչ-որ մեկի մտքով անցել է պայքարել «ֆեյքերի» դեմ, ուրեմն պետք է պայքարի ինտերնետի դեմ, ֆեյսբուքի դեմ, չենք կարող, ուրեմն գլոբալիզմի դեմ պետք է պայքարել, որովհետև այս ամբողջը դրա ծնունդն է, բայց դա անհնարին է, դա ռացիոնալ չէ»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով՝«այս մոդելը շատ լավն է, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ամեն կես տարին մեկ փոփոխություններ կատարել օրենքում, ուղղակի դա անհնարին է ու կարիք էլ չկա»:
Արա Ղազարյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը տվել է համապատասխան իրավակարգավորում՝ մեկնաբանելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) և՛ 6-րդ, և՛ 9-րդ մասերը, այդ երկու մասերի միջև կապը: Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է «աղբյուր», «միջոց», «հեղինակ» հասկացությունները և սրանով վերջնական ավարտական տեսք է հաղորդել այն երևույթին, երբ կա լրատվություն հանրային միջավայրում, բայց չկա դրա հետևում կանգնած իրական անձ և այդ դեպքում ով է պատասխանատվություն կրում, իհարկե, տարածողը, հրապարակողը, որը կարող է լինել առցանց լրատվամիջոց, թերթ և այլն, և այլն:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում