Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «ՌԴ-ն ուզում է խախտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը. «Իրատես de facto»

Մարտ 14,2014 11:28

Հատված Գլոբալացման և տարածաշրջանային  համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հարցազրույցից:

Ռուսաստանից բացի, որեւէ պետություն կամ կառույց չի պատրաստվում ճանաչել Ղրիմի ինքնավարությունը։

– Այո, որովհետև դա անեքսիա է, երբ մի պետություն գրավում է մեկ այլ պետության տարածքի մի մասը։ Բոլորս էլ հասկանում էինք, որ Արևմուտքի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի արձագանքը բացասական է լինելու, բայց Չինաստանի բացասական արձագանքը Ռուսաստանի վիճակը բարդացրեց, իսկ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի համանման արձագանքը ակնհայտ դարձրեց Ռուսաստանի մեկուսացումը։

Բայց Ռուսաստանը պնդում է, որ Ղրիմում բնակվում են ռուսներ, և նրանք առանց հասցե փոխելու վերադառնում են հայրենիք։

– Դա հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը, հակասում է Բուդապեշտի համաձայնագրին, բայց խոսքը նույնիսկ դրա մասին չէ։ Ասենք, Ղրիմում հանրաքվե է անցկացվում, դուրս բերեք զորքը և թույլ տվեք մարդիկ ազատ արտահայտեն իրենց կամքը։ Քննարկում անցկացրեք, գուցե քննարկման արդյունքում ժողովուրդը 100 տոկոսով ասի ուզում ենք դուրս գալ Ուկրաինայի կազմից, բայց երբ զորքը չես հանում ու թույլ չես տալիս, որ նույնիսկ ռուսները, ուր մնաց ուկրաինացիները, թաթարները, իրենց կամքը ազատ հայտնեն, ինչ հանրաքվեի մասին է խոսքը։

Ժողովրդավարությունը նշանակում է, որ բնակչությունը կարող է տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից, այսօր Ղրիմում անջատված են ուկրաինական հեռուստաալիքները։ Երբ Կիևում ռուսական հեռուստաալիքները փակելու որոշում ընդունվեց, շատ պրովայդերներ հրաժարվեցին որոշումը կատարել, նշանակում է, որ այսօրվա Ուկրաինայում (չհաշված Ղրիմը) ժողովրդավարություն կա։ Ղրիմաբնակ բոլոր ակտիվիստներին, որ կողմ են Կիևում կատարված փոփոխություններին, կամ ձերբակալում են, կամ հեռացնում են Ղրիմից։ Չեմ ասում, որ Կիևը սխալներ չի անում, բայց այն, ինչ կատարվում է Ղրիմում, ծանր տպավորություն է թողնում և լուրջ հետևանքներ կունենա առաջին հերթին Ռուսաստանի համար։

Ինչո՞ւ Ռուսաստանի քայլերին այդքան ցավագին արձագանքեց Արևմուտքը։

– Բոլորը հասկացան, որ Ռուսաստանն ուզում է խախտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը, բայց դա բումերանգի պես հարվածելու է Ռուսաստանին։

Անջատողական շարժումների սկի՞զբ կդնի։

– Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր պատմական տարածքն է, ո՞ւմ համար է գաղտնիք, որ այսօր Ռուսաստանին պատկանող կղզիները Ճապոնիայի պատմական տարածքն են։ Տարածքային խնդիրներ Հեռավոր Արևելքում Ռուսաստանի հետ Չինաստանն ունի, ով չգիտի, որ չինացիների պատմությունը նվազագույնը մեկ հազարամյակ ավելի շուտ է սկսվել ռուսականից։ Հիմա միայն Ուկրաինայի խնդիրը չէ. Ռուսաստանը փորձում է փոխել միջազգային խաղի կանոնները, երբ դու քանդում ես համակարգը, համակարգը կարող է փլվել քեզ վրա։ Ռուսաստանը լուրջ ու հզոր երկիր է, ՄԱԿ-ի ԱԽ անդամ, դա հետևանքներ չունենալ չի կարող։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31