«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:
– Այդ հանդիպումների հետ կապված անվստահություն է առաջանում, քանի որ հատկապես ԲՀԿ–ն չի բարձրացնում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, փոխարենը պահանջում է կառավարության հրաժարականը: Եվ այդպիսով, հասկանալի է դառնում, որ ԲՀԿ–ն ընդամենը վարչապետի պաշտոնն է ուզում: Մինչդեռ ՀԱԿ–ը հետապնդում է նաև նախագահի հրաժարականը: Սա բավականին կոշտ տարբերություն է այդ ուժերի քաղաքականության մեջ:
– Դա հակասություն չէ, շահագրգիռ կողմերն են փորձում այդտեղ արհեստածին հակասություն մտցնել: Քաղաքական ուժերը փորձում են հարթության մեջ ընդհանուր կետերը գտնել: ՀԱԿ-ը, օրինակ, 2008թ. նախագահական ընտրություններում հակամարտության կողմ է եղել, հակամարտությունն ավարտվել է արյունահեղությամբ:
– Ո՞վ էր դրա համար պատասխանատու՝ իշխանություննե՞րը, թե՞ ընդդիմությունը:
– Կարծում եմ` 80 տոկոսը իշխանությունները, 20 տոկոսը՝ ընդդիմությունը, որովհետև ցանկացած արյունահեղության պատասխանատուն իշխանությունն է: Նման պարագայում ՀԱԿ-ը կանգնած է ավելի արմատական դիրքերում, չի ընդունում որևէ համագործակցության եզրեր այն քաղաքական միավորի ներկայացուցչի հետ, որը 2008թ. նախագահական ընտրություններում հակամարտող կողմ էր իրենց համար:
Կարդացեք նաև
– Այդ դեպքում ինչպե՞ս եք 20 տոկոսանոց մեղք ունեցող ուժի հետ գնում համագործակցության: Հիշենք նաև այն հանգամանքը, որ Փաստահավաք խումբը փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն Պաշտպանության նախարարության պահեստներից ամենաշատը զինվորական համազգեստ է ստացել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ենթադրվում էր, որ այդ համազգեստները հագել են այդ փաստաթղթում առկա պաշտոնյաների թիկնապահները, ովքեր էլ մարտի 1-ին մասնակցել են այդ արյունոտ իրադարձություններին:
– Ես իրականացրել եմ այդ ուսումնասիրությունը և պնդում եմ, որ նմանատիպ բան ՊՆ թիկունքի ծառայության համապատասխան զորամասերում տեղի չի ունեցել:
– Իսկ այդ հարցը հիմա քննարկո՞ւմ եք ՀԱԿ–ի հետ, ասո՞ւմ եք, որ նման բան չի եղել: Նրանք ընդունո՞ւմ է ձեր բացատրությունը:
– Եթե դուք ուշադիր լինեիք, ես Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկմանը իմ ելույթում դրա մասին հայտարարեցի: Եվ ՀԱԿ-ի բոլոր ներկայացուցիչները գլուխներով այսպես էին անում (ցույց է տալիս դրական շարժում): Այսինքն` համաձայնում էին ինձ հետ, որ ես իմ վրա վերցրել եմ այդ փաստերը հրապարակելու պատասխանատվությունը, որ դա չի համապատասխանում իրականությանը: Քաղաքական դիալեկտիկա գոյություն ունի, որի ընթացքում փոխվում են նաև առաջնահերթությունները: ՀՀԿ-ն, որն այսօր ուղղակի անհաշտ հակամարտության մեջ է ՀԱԿ-ի հետ, որը վերամարմնավորված ՀՀՇ-ն է, 1996թ. ընտրություններին դաշինքով էին գնում: Փոխվել են ուղենիշներն ու նպատակները, և քաղաքական կառույցները կարողանում են իրենց համար մարտավարություն ընտրել:
– Այսինքն` քաղաքականության մեջ ամեն ինչ ցանկացած ուժի հետ ցանկացած համագործակցություն ընդունելի է, եթե նույնիսկ ոչ վաղ անցյալում այդ ուժին համարում էին իրենց ոխերիմ հակառակորդը:
– Քաղաքականությունը նման չէ, օրինակ, ֆիզիոլոգիային, որը եթե մի անգամ կուսությունը կորցրեց, դրանից հետո չի վերականգնվի:
Արմինե Ավետյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում