Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ուկրաինան խնդրանքով դիմել է միջազգային ֆինանսական շատ կառույցների, այդ թվում՝ միջազգային արտարժույթի հիմնադրամին՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար աջակցություն ցուցաբերելու։ «Եվ հիմնադրամը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը իրավիճակին ծանոթանալու նպատակով ուղարկել են իրենց տնտեսագետներին, փորձագետներին, որոնք կօգնեն Ուկրաինային իրականացնել տնտեսական բարեփոխումներ եւ հաղթահարել տնտեսական ճգնաժամը»,- նշեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանը։
– Պարոն դեսպան, երբ 2008թ. ռուս–վրացական պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց իր տարածքների մի մասը՝ Հարավային Օսիան եւ Աբխազիան, Արեւմուտքն, ըստ էության, ոչինչ չարեց, մի կողմ քաշվեց։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ուկրաինայի դեպքում էլ, ի վերջո, արդյունքը նույնը լինի։
– Ես չեմ մեկնաբանի Վրաստանի իրադարձությունները, դա իմ կոմպետենցիան չէ, իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ես եւս մեկ անգամ հաստատում եմ, որ Ուկրաինան դիմել է ողջ միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք միջնորդ դառնան Ուկրաինայում ստեղծված իրադրության կարգավորման հարցում։
– Շատ պաշտոնատար անձինք ասում էին, որ Ուկրաինայում նման իրավիճակ չի ստեղծվի։ Ընդհանրապես իրերի, դեպքերի նման զարգացում ենթադրվո՞ւմ էր։
Կարդացեք նաև
– Ուկրաինայում ստեղծված տնտեսական իրավիճակը, Եվրամիության հետ պայմանագրի չստորագրումը եւ կոռուպցիան, որը ներառել էր իշխանություններին՝ վերեւից ներքեւ, այդ ամենը բերեց բողոքի շարժումների, ու մարդիկ դուրս եկան Մայդան։ Մարդիկ, ովքեր դժգոհ էին իշխանությունների տնտեսական, սոցիալական քաղաքականությունից, իրականացվող բարեփոխումներից եւ, առաջին հերթին, Եվրամիության հետ պայմանագիրը չստորագրելուց։ Այսինքն՝ բողոքը կրում էր ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական ու սոցիալական բնույթ:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում