Հատված նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցից:
– Պարոն Սարգսյան, դուք բազմիցս հայտարարել եք, որ բացահայտելու եք Գեւորգ Մհերյանի սպանությունը, քանի որ դա ոստիկանության թասիբի հարցն է: Մինչ օրս, սակայն, սպանություն կատարող անձ չի հայտնաբերվել։ Ի՞նչն էր պատճառը, որ չբացահայտվեց այս սպանությունը։
– Գեւորգ Մհերյանի սպանությունը մի օր կբացահայտվի, ինչպես շատ հարյուրավոր, հազարավոր սպանություններ են տարիներ հետո բացահայտվել։ Չգիտեմ, միգուցե թերություններ են եղել բացահայտման գործում, միգուցե իրոք գործը իրենից բարդություն է ներկայացրել, միգուցե նաեւ վարկածները ճիշտ չենք ընտրել։ Բայց ամեն դեպքում փաստ է, որ չի բացահայտվել, որի համար ես շատ անհարմար եմ զգում այս պահին։ Հուսով եմ, որ անպայման կբացահայտվի եւ ես ինքս էլ հնարավորության դեպքում աջակցելու եմ եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բացահայտվի։ Բոլորդ, կարծում եմ, կտեսնեք, որ չի կարող այդ գործը չբացահայտված մնալ։ Իմ օրոք ամենաամոթալին, ամենաանպատվաբերը երեւի դա էր, որ այդ սպանությունը չբացահայտվեց, որի համար խղճի խայթ եմ զգում։
– Պարոն Սարգսյան, Գեւորգ Մհերյանի հայրը պնդում է, որ հենց դուք եք երաշխավորել (գարանտ կանգնել) այս գործը կոծկելու համար, այդ դեպքում այս հայտարարությունը ինչպե՞ս կմեկնաբանեք։
Կարդացեք նաև
– Չկա նման բան, դա անհեթեթություն է եւ չի համապատասխանում իրականությանը։ Ես չեմ կարող գործ կոծկել, դա իմ արյան մեջ չկա, ես նման մարդ չեմ։
– Այսինքն, բոլոր հնարավոր ռեսուրսները օգտագործե՞լ եք այն բացահայտելու համար, թե՞ կային հանգամանքներ, որոնք ձեզ խոչընդոտում էին Մհերյանի սպանողին հայտնաբերել։
– Ես բոլոր ռեսուրսները օգտագործել եմ, բայց քանի որ չի բացահայտվել, ինձ մնում է համեստորեն ենթադրել, որ որոշ բաներ երեւի բաց ենք թողել, ինչ-որ բաներ, եթե բաց թողած չլինեինք, հաստատ կբացահայտվեր։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում