Ըստ Առնոլդ Ստեփանյանի` այդպես կլինի ցանկացած` դեռ չծնված գաղափարի դեպքում
– Պարոն Ստեփանյան, հայտնի է, որ անցյալ ամիս Թբիլիսիի հայկական համայնքում միջադեպ էր գրանցվել՝ մոտ երկու հարյուր հոգի գնացել էին Վրաստանի նախագահին կից ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գեորգի Էլիբեգովի տան մոտ, որտեղ էլ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ի՞նչ է կատարվել, ո՞րն է դրա պատճառը:
– Ծեծկռտուքը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Էլիբեգովը վիրավորել էր Հայկական թեմի առաջնորդին: Առանց հիմնավոր փաստերի մեղադրանքները վրդովմունք էին առաջացրել ինչպես Վրաստանի Հայկական թեմում, այնպես էլ հավատացյալների շրջանում: Ցանկանում եմ նշել, որ Էլիբեգովին՝ հատկապես իշխանափոխությունից հետո, Վրաստանի Հայկական թեմի հետ կապում էին բավական ջերմ հարաբերություններ, սակայն բարեկամությունն ավարտվեց համայնքի հետ կապված տարբեր հարցերում ունեցած տարակարծությունների պատճառով: Գագաթնակետը դարձան Էլիբեգովի հոդվածները մամուլում` ընդդեմ թեմի քննադատություններով: Շեշտեմ, որ Էլիբեգովի մեղադրանքներից ոչ մեկը այդպես էլ փաստերով չի ապացուցվել: Կարծում եմ, որ եթե Վրաստանի Հայկական թեմը զգացմունքային ռեակցիայից զերծ մնար, ապա բանը չէր հասնի Էլիբեգովի հետ վեճին: Ի սկզբանե Վրաստանի Հայկական թեմի կողմից որպես մեկ` վիրավորված մարդուն ուղղված արձագանք համահունչ էր, բայց համահունչ չէր Հայ Առաքելական Եկեղեցու մակարդակին: Դա մեկ անգամ եւս ապացուցում է իմ կասկածները, որ արձագանքի ձեւերի որոշման ձեւը, օրինակ` Էլիբեգովի մեղադրանքներին ի պատասխան նամակները եւ նրա տուն գնալը չեն կայացրել հոգեւորականները: Ինչ վերաբերում է ծեծկռտուքին մասնակցած անձանց քանակությանը, ապա կարծում եմ՝ այդ թիվը ուռճացվել է երեք-չորս անգամ: Իմ ունեցած տեղեկություններով՝ Էլիբեգովի տան մոտ հավաքվել են մինչեւ 50 մարդ, թեեւ դա այդքան էլ մեծ նշանակություն չունի:
– Էլիբեգովը մամուլում մեղադրել է վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին` եկեղեցուն տրվող գումարները մսխելու եւ հակավրացական գործունեություն ծավալելու մեջ: Այս առիթով ի՞նչ կասեք:
Կարդացեք նաև
– Մարդիկ տարբեր կերպ են մտածում: Կան մարդիկ, ովքեր մեղադրում են Էլիբեգովին ստի մեջ: Կան մարդիկ, որոնք ասում են, որ Էլիբեգովը ճիշտ է ասել, բայց ոչ ճիշտ ձեւով: Կան նաեւ որոշները, որոնք այդ սկանդալից իրենց հեռու են պահում: Ինչ վերաբերում է վիրահայոց թեմի առաջնորդին ուղղված մեղադրանքներին` նրա հակավրացական գործունեության վերաբերյալ, ապա Էլիբեգովը չի հստակեցրել, համենայնդեպս՝ նրա հարցազրույցից դժվար է հասկանալ, թե նա ինչ նկատի ունի: Չարդարացված ծախսերի մեղադրանքի առումով նկատեմ, որ նման հավաստի փաստեր չկան: Բանկի հետ պայմանագրի համաձայն` եկեղեցին պետք է ֆինանսական ծախսեր կատարի մինչեւ հարյուր հազար լարիի չափով, բայց ամբողջ գումարը փոխանցվել է Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամին, որը Վրաստանի Հայկական թեմից անկախ, ոչ կառավարական կազմակերպություն է:
Իրականում հիմնադրամն ինքը պետք է վճարեր կապալառուներին: Ֆորմալ առումով եկեղեցին ուղղակիորեն կապված չէ միջոցների ծախսման հետ, այնպես որ՝ մեղադրանքները իրավական տեսանկյունից անհիմն են: Իսկ մեղադրանքները վիրահայոց թեմի առաջնորդի հակավրացական գործունեության վերաբերյալ շատ զգայուն հարց են:
Եթե նկատի է առնվում նրա հայամետ դիրքորոշումը, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, որ այդ դիրքորոշումը հակավրացական է: Եթե այլ բան, ապա դժվարանում եմ պատասխանել, քանի որ Էլիբեգովի հարցազրույցում չեմ գտել ոչինչ, որը տրամաբանության շրջանակներում կհանգեցներ նման եզրակացության:
– Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ հանձնաժողով է ձեւավորվել եւ գործուղվել Վրաստանի Հայկական թեմ` տեղում պարզելու իրավիճակը: Տեղյա՞կ եք այդ գործընթացից, թե ինչ է պարզվել:
– Ցավոք, ոչ ինձ հետ, ոչ էլ համայնքի մյուս ներկայացուցիչների կամ հասարակական կազմակերպությունների հետ հանձնաժողովը չի հանդիպել: Որքանով տեղեկացված եմ ոչ ճշտված տեղեկություններով՝ հանձնաժողովը հանդիպել է հակամարտող կողմերի հետ, մասնավորապես զրուցել են Վրաստանի Հայկական թեմի անդամների, Գեորգի Էլիբեգովի եւ Վան Բայբուրդի հետ: Ամեն դեպքում նրանք հազիվ թե կարողանային ներկայացնել սկանդալի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ պատկերը, եթե, իհարկե, նրանք չէին տիրապետում ողջ տեղեկատվությանը` մինչեւ ժամանումը: Ինչպիսին կլինեն նրանց եզրակացությունները` ինձ այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ հանդիպման մոտեցումներից կարելի է եզրակացությունների մասին կռահել: Մեկ դարպասում խաղալը այնքան էլ հետաքրքիր գործընթաց չէ, այնպես որ՝ ես չէի գերագնահատի հանձնաժողովի գործառույթները: Ափսոս, որ բաց է թողնվել իրավիճակը շտկելու հնարավորությունը: Լավատեսորեն գնահատելով՝ այսպես ձեւակերպեմ` ամեն ինչ Աստծո ձեռքերում է, ոչ թե հանձնաժողովի:
– Պարոն Ստեփանյան, համացանցում 2013թ. դեկտեմբերի 23-ին ընդունված դիմում է հրապարակվել Ռուսաստանում ջավախքցիների սփյուռքի անունից` ուղղված Վրաստանի կառավարությանը, նախագահին եւ խորհրդարանին, որում խնդրում են Սամցխե-Ջավախքին Վրաստանի կազմում ազգային-մշակութային ինքնավարության կարգավիճակ տալ: Բացի այդ, դրանում մտահոգություն է հնչում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ԵՄ-ին անդամակցելուց հետո Վրաստանում Սամցխե-Ջավախքի էթնիկ ինքնության պահպանման խնդրի առնչությամբ: Նախ` ինչպե՞ս եք այս դիմումը գնահատում, եւ հաջորդը` Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին հայ համայնքի համար մտավախությունների առիթ տեսնո՞ւմ եք:
– Նախեւառաջ, եթե դիտարկենք հայտարարության ձեւը, ապա նախագահը չի կարող հասցեատեր լինել, քանի որ Սահմանադրության վերջին փոփոխությունների համաձայն` նա չի զբաղվում ներքաղաքական հարցերով: Իսկ եթե մեկնաբանենք այդ դիմումի բովանդակությունը, ապա ասեմ, որ լենինյան տերմինը` «ազգային-մշակութային ինքնավարությունը», չի հանդիսանում այն ձեւակերպումը, որով նպատակահարմար կլիներ Վրաստանում գործողություններ իրականացնել, նույնիսկ եթե նրանց մտադրությունները բարի են եւ ելնում են Ջավախքում հայ բնակչությանը աջակցելու մղումներից: Միայն «ազգային-մշակութային ինքնավարություն» տերմինը կոչնչացնի ցանկացած գաղափար` դեռ չծնված: Վրաստանում շատ լավ հիշում են, թե ինչ է տեղի ունեցել երկու ինքնավարությունների հետ, եւ քչերը ցանկություն կունենային խորանալ «ինքնավար հանրապետություն» եւ «ազգային-մշակութային ինքնավարություն» տերմինների տարբերությունների մեջ, այդ մասին նամակի հեղինակները պետք է իմանան, եթե լրջորեն զբաղվում են Վրաստանում հայկական փոքրամասնությունների հարցերով:
Բացի այդ, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը անուղղակիորեն կապված է փոքրամասնությունների պաշտպանության հարցերի հետ, պետականորեն ձեւավորվող մոտեցումների հետ` խտրական վերաբերմունքի դեմ պայքարով` կապված երկրի զարգացման համար այլ կարեւոր խնդիրների հետ, ինչպիսին է, օրինակ, վիզային ռեժիմի ազատականացումը: Առնվազն տարօրինակ է, որ վերոնշյալ նամակի հրապարակման ժամանակ` 2013թ. դեկտեմբերին, Ասոցացման համաձայնագիրը դեռ հրապարակված չէր: Հետեւաբար, կոնկրետ տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է այն տալու փոքրամասնություններին եւ, մասնավորապես, Ջավախքի հայկական բնակչությանը՝ անհայտ էր: Հավանաբար ավելի արդյունավետ կլիներ եւ տրամաբանված, եթե բանավեճ սկսվեր համաձայնագրի բովանդակությանը ծանոթանալուց հետո: Ես վստահ եմ, որ ԵՄ-ի հետ Վրաստանի մերձեցումը օգուտ կբերի երկրին՝ քաղաքական եւ տնտեսական առումով, եւ բնակչությանը, մասնավորապես` Ջավախքի հայկական բնակչությանը: Պատրաստ եմ բանավիճել այս թեմայով այն բանից հետո, եթե դիմումի հեղինակները ծանոթանան Ասոցացման համաձայնագրին: Ցավոք, Ռուսաստանի` ջավախքցիների սփյուռքի կողմից նման հայտարարություններն անուղղակիորեն նպաստում են այն մարդկանց դիրքերի ամրապնդմանը, որոնք փոքրամասնություններին դիտարկում են բացառապես անվտանգության հետ կապված չափորոշիչով:
Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով առաջնորդվելով՝ նկատեմ, որ դա ցավոտ հարց է` ունի թե կողմնակիցներ, թե հակառակորդներ քաղաքական էլիտայում եւ հասարակության մեջ: Դուք տեղյակ եք, որ Վրաստանում ընդունվել է նոր օրենք տեղական ինքնակառավարման մարմինների մասին, եւ չնայած նրան, որ վերջին փոփոխություններն այն չեն, ինչին կարելի էր հասնել, այնուամենայնիվ՝ որպես կարճաժամկետ տարբերակ, այն կարելի է դրական գնահատել: Եթե փոփոխություններն իրենց արդարացնեն, ապա կարելի է ավելի փաստարկված առաջ մղել օրենսգրքի հետագա մերձեցումը Եվրոպական խարտիային եւ նրա տարածմանը Վրաստանի այն տարածքներում, որոնք չեն հայտնվել թիրախային խմբերի մեջ, այդ թվում եւ Ջավախքը: Քանի որ ես օրինագծի կազմման գործընթացին մաս եմ կազմել` կարող եմ ասել, որ այն, ինչ արվել է այս փուլում, դրանից ավելին հնարավոր չէր անել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ